Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը, որը մեծ սեփականություններ ունի Դոնբասում, գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը:
Օլեգ Արտուշի Մկրտչյանը Մոսկվայում և հետխորհրդային տարածությունում բավականին հանրահայտ կերպար է, նրա անվան հետ են կապվում երեք ֆուտբոլային ակումբներ երեք երկրներում՝ «Բանանց» (Հայաստան), «Մետալուրգ» (Ուկրաինա) և «Կուբան» (Ռուսաստան):
Թերթը գրում է, որ այն պահին, երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» վաճառեց հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, վերջինիս իրավունքների 50 տոկոսը պատկանում էր Մկրտչյանին: Այդ տրանսֆերը դարձավ «Շախտյորի» պատմության մեջ ամենաթանկը, իսկ դրանից 27.5 մլն եվրոն ստացավ Օլեգ Մկրտչյանը:
Օլեգ Մկրտչյանը նաև Դոնբասի արդյունաբերական միության (ԴԱՄ) գլխավոր տնօրենն է: 2017թ. դեկտեմբերի 18-ին Դոնբասի արդյունաբերական միությունը հայտարարեց, որ փաստացի կորցրել է վերահսկողությունը «Ալչևսկի մետաղագործական կոմբինատի», «Ալչևսկի կոկսաքիմիական գործարանի» և «ԷկոԷներգիայի» հիմնական ակտիվների վրա:
Դոնբասի արդյունաբերական միությունում թերթի աղբյուրը կարճ մեկնաբանել է գործարարի ձերբակալությունը. «Մեր կարծիքով՝ Մոսկվայում ձերբակալությունը կարող է կապ ունենալ միայն ԴԱՄ-ի համար հատկացված գումարները այլ բիզնես-նախագծերի վրա ծախսելու հետ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ