Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ռեյտինգային համակարգը համարում եմ, պատկերավոր ասած, ներուժ ունեցող համակարգ, որը կարող է արդյունավետորեն գործել». «Հայոց աշխարհ»

Փետրվար 08,2018 11:05

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴն առաջարկում է փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, նախ՝ վերանայել տարածքային ռեյտինգային ընտրակարգը, ապա՝ խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդել եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ: Ի՞նչ կարծիքի եք այս առաջարկների առնչությամբ:

-Տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերանայման ՀՅԴ առաջարկին համաձայն չեմ, Բացատրեմ, թե ինչո՞ւ:
Տարածքային ռեյտինգային ընտրակարգը, որն առաջին անգամ փորձարկվեց 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արդեն իսկ ցույց է տվել իր առավելությունները: Ամեն մն նոր ընտրական համակարգի ներդրումից հետո կարող են տարբեր խնդիրներ ի հայտ գալ, հնարավոր է նաեւ, որ ամբողջությամբ չընկալվի տվյալ օրենքի փիլիսոփայությունը, անգամ օրենքի արդյունավետ կիրառման հարցում կարող են խնդիրներ առաջ գալ:
Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը. եթե որեւէ քաղաքական ուժ մերժում է ընտրական այս կամ այն համակարգը, դա դեռ չի նշանակում, որ պետք է նորից զբաղվենք ընտրական համակարգ փոփոխելով: Կարծում եմ, այստեղ կա մոտեցման խնդիր. մենք պետք է ոչ թե գնանք այս կամ այն օրենքն անընդհատ փոփոխելու ճանապարհով, այլ տվյալ օրենքի փիլիսոփայությունն ամբողջությամբ ընկալելու, այն արդյունավետ կիրառելու ճանապարհով:

Եկեք հասկանանք, թե ինչ հնարավորություններ է իրականում տալիս ռեյտինգային համակարգը: Քաղաքական ուժերը տվյալ մարզի ընտրողներին առաջարկում են ցուցակ, որում ներկայացված են ոչ թե ինչ-որ անծանոթ, անհասկանալի անձինք, այլ տվյալ տարածաշրջանում ճանաչված, հարգված մարդկանց: Յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգու։ Դա հնարավորություն է տալիս տարբեր մասնագիտության տեր անձանց ընդգրկել իր տարածքային ցուցակում:

Ես հաճախ եմ բերում Շիրակի մարզի օրինակը, որտեղ ՀՀԿ ցուցակում ընդգրկված էին ե՛ւ գիտնական, ե՛ւ մանկավարժ, ե՛ւ սոցիալական ու տնտեսական ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ, պետական կառավարման համակարգի փորաձառություն ունեցող մարդիկ: Այսինքն՝ մեր հասարակության տարբեր շերտեր ընդգրկվում են ռեյտինգային ցուցակներում, ինչն ընտրողին հնարավորություն է տալիս գտնել եւ ընտրել իր համար ընդունելի անձին, որին նաեւ անձամբ է ճանաչում: Իսկ սա շատ կարեւոր հանգամանք է:
Մենք ունենք միապալատանի խորհրդարան, ու ամբողջությամբ համամասնական համակարգի անցումը արդարացված չեմ համարում: Այս դեպքում ցուցակում կարող են երեւալ առաջին երեք դեմքերը, լավագույն դեպքում առաջին տասնյակը, ու ընտրողի համար նախ շատ դժվար կլինի ամբողջ ցուցակն ընթերցելը: Հետո ընտրողը կարող է ճանաչել ցուցակի միայն առաջին մի քանի մարդկանց, որոնք կարող են չներկայացնել իր մարզը: Կգործի շոգեքարշի էֆեկտը, երբ առաջին երեք դեմքն իր հետեւից կտանի ամբողջ ցուցակը:

Չմոռանանք, որ ռեյտինգային համակարգի ներդրման պատճառով գնաց պայքար «բոլորը՝ բոլորի դեմ» սկզբունքով. ե՛ւ կուսակցություններն էին միմյանց դեմ մրցում, ե՛ւ կուսակցությունների ներսում, թեկնածուների միջեւ էր ծավալվել մրցակցություն: Այդ պատճառով այս ընտրությունները չվերածվեցին «սեւ» ու «սպիտակի» պայքարի, ինչպիսին միշտ ունեցել ենք, որովհետեւ, պայմանական ասած, «սեւ»-ն էլ, «սպիտակ»-ն էլ միմյանց դեմ պայքարելով՝ միաժամանակ միմյանց մեջ էին պայքարում:

Դրա համար ռեյտինգային համակարգը համարում եմ, պատկերավոր ասած, ներուժ ունեցող համակարգ, որը կարող է արդյունավետորեն գործել: Եթե անցած ընտրություններում եղել են վիճակներ, որը չի բխել օրենքի փիլիսոփայությունից, եկեք սեւեռվենք օրենքի կիրառման կարգապահության վրա ու շտկենք խնդիրները:
Ինչ վերաբերում է ՀՅԴ առաջարկի երկրորդ մասին, որտեղ ասվում է խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգը, այս առաջարկը համարում եմ քննարկման արժանի:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728