ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վարքագիծը դատապարտելով, փաստաբանները 2018 թվականի փետրվարի 7-ին իրականացրել են բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Բողոքի ակցիայի մասնակիցները մասնավորապես գտնում են, որ՝
1.Բացակայում է Նախագծի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը:
Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել և չի մեկնաբանել:
Դատական տուգանք նախատեսող նախագծերի վերաբերյալ առկա չէ նաև նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը, քանի որ դատական տուգանքի սահմանումը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակել:
Նախագծի այս փոփոխությունը չի ներկայացվել նաև հանրային քննարկման:
2.Խախտվել է սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգը:
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
Նույն սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա:
Այս և սահմանադրական օրենքի մյուս իմպերատիվ կարգավորումները նպատակ ունեն կանխատեսելի դարձնել օրենքի նախագծի քննարկման և ընդունման ճանապարհը:
Տվյալ դեպքում, Նախագծի փաթեթում ընդգրկվել են լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նոր նախագծեր):
ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում, փաթեթում ներառված Նոր նախագծերը կհամարվեն քննարկված (ընդունված) մեկ ընթերցմամբ, ինչն անթույլատրելի է:
Որևէ այլ օրենք կամ ՀՀ Ազգային ժողովի որոշում չի կարող սահմանադրական օրենքով սահմանված այս կարգը փոփոխել կամ անտեսել:
3.Դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը:
Փաստաբանների և դատախազների համար դատական տուգանք սահմանելով, Արդարադատության նախարարությունը գործել է այն կանխավարկածով, որ փաստաբանները և դատախազները կարող են անբարեխիղճ վարքագիծ դրսևորել: Այս համատեքստում, հաշվի առնված չէ դատավորների ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, որի դեպքում, դատական տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:
ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի՝
-16-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների.
-20-րդ կետի համաձայն՝ փաստաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ դատական տուգանք նախատեսելու դեպքում, որի վերջնական տեքստը մինչև այսօր հասանելի չէ հանրությանը, կվտանգվի փաստաբանների անկախությունը:
Նախարարության և Հանձնաժողովի կողմից թույլ տրված վերոհիշյալ խախտումներն էլ պատճառ են դարձել փաստաբանական համայնքի սոցիալ-իրավական բնույթի ընդվզման համար:
Բողոքի ակցիայի շրջանակում ներկա փաստաբանները՝
1.Պահանջում են ՀՀ Ազգային ժողովից թույլ չտալ սահմանադրական օրենքի խախտմամբ ներկայացված Նախագծի ընդունումը.
2.Հայտարարում են, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու 2018 թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին.
3.Առաջարկում են ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ Նախագծի քննարկման նիստին հրավիրել փաստաբանների ներկայացուցչին և ելույթ ունենալու հնարավորություն տալ:
Նախաձեռնող խումբ
ուֆ, ինչ լաւ, հիմա որ կարծեցեալ «փաստաբանները» գործադուլի մէջ են,
իրենց յաճախորդները շանս մը ունին գոնէ որ իրենց խնդիրները լուծուին…