ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կասկածանքով, 07.02.2018թ. ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության ծառայողը:
Արդեն տեղեկացվել է, որ Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար սույն քրեական գործի շրջանակում նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի մեկ այլ ծառայողի, ում նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն