«Համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականապես զիջման գնաց: Նա փորձելու է բացառել դիտորդների լայն ներկայությունը շփման գծում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ հունվարին Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնելու Արցախյան հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը, ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա ընդգծում է. «Եթե շփման գծում պարբերաբար լինում են սպանություններ, միջադեպեր, որոնց հետեւանքով նաեւ խաղաղ բնակչությունն է տուժում, շանս չկա, որ երկկողմանի վստահության մթնոլորտ ձեւավորվի: Առանց դրա հնարավոր չէ գտնել խնդրի կարգավորման մոդել: Սա առաջին հարցն է, որը պետք է լուծվի, որպեսզի բանակցային գործընթացը դառնա կառուցողական»: Հաջորդ քայլը, ըստ Նավասարդյանի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ լրագրողների միջեւ շփումների վերականգնումն է.
«Դրանք բարձրացնում են վստահության աստիճանը: Այսօր այդ մթնոլորտի բացակայության պայմաններում դժվար է հաշվարկել, թե ինչպիսի քայլեր պետք է կատարվեն դեպի խաղաղություն: Ցանկացած փոխզիջում կարող է ընկալվել որպես թուլություն: Չկա նաեւ վստահություն, որ պատասխան փոխզիջումային քայլը կլինի: Միայն այն դեպքում, երբ հասարակության մեջ վստահություն ձեւավորվի, այն կփոխանցվի նաեւ որոշում կայացնողներին»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.02.2018