Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարզաբանում» անվան տակ վիրավորում են լրագրողին

Փետրվար 08,2018 14:30
dat

Լրագրողը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պաշտոնական կայքի դեմ

Լրագրող Արթուր Հովհաննիսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում որպես լրագրող հանդես է եկել ասուլիսով՝ կապված նախորդ օրը իրեն հայտնի դարձած մի փաստի մասին: Խոսքը Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձի մասին էր, եւ այն մասին, թե ինչպես են ծնողները դպրոցից «դուրս հրավիրել» բուժաշխատողներին:

Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաեւ, որ ասուլիսում հայտնածը ահազանգ է, դեռեւս ճշտման փուլում գտնվող տեղեկություն:

Իսկ տեղեկության չճշտելը պայմանավորված էր նրանով, որ ծնողներից փոխանցված տեղեկությունը ստացվել էր կեսգիշերին:

Լրագրողը բառացի ասել էր հետեւյալը. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք: Ես ուղղակի որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ եւ եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (եւ ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննություն սկսել եւ ավարտին հասցնել, պարզել այս իրականությունը, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, բայց վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ իրենց ի գիտություն»:

Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարությունը իր պաշտոնական կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ տպագրում է պաշտոնական տեղեկատվություն:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից «Առավոտը» երեկ ստացել է ծանուցագիր. լրագրող Արթուր Հովհաննիսյանի՝ պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջի մասին հայցը ՀՀ առողջապահության նախարարության դեմ է, երրորդ անձ է ճանաչվել «Առավոտը»:
Անդրանիկ նախապատրաստական նիստը նշանակվել է մայիսի 17-ին, դատավորն է Ռուբիկ Ափինյանը:

Դատարանը հունվարի 15-ին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու եւ գործը դատաքննության նախապատրաստելու մասին:
Հայցվորի կարծիքով, առողջապահության նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվությամբ մեղադրել է իրեն՝ լրագրողին, կեղծիքին ապավինելու մեջ, ինչն իր հասցեին զրպարտանք է եւ վիրավորանք:

Ի դեպ, պաշտոնական կայքում գրված էր հետեւյալը. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում: Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին: Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի՝ նշելով, թե չի հասցրել ճշտել ստացված տեղեկատվությունը: Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, այնտեղ որեւէ մեկը չի պատրաստվում պատվաստում կատարել: Պարզապես սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել: Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու»:

Հայցվոր գործընկերս նշում է, որ առողջապահության նախարարության կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունը տպագրվել է զանգվածային լրատվական միջոցներում, սակայն, չգիտես ինչու, նշում է միայն հղումը:

Ըստ հայցվորի՝ «Դե Հաեսը եւ Գիյսելեսն ընդդեմ Ավստրիայի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում այն միտքը կա, որ մամուլի վրա դրված է նման տեղեկատվության եւ գաղափարների տարածման խնդիր, հակառակ դեպքում, «մամուլը չի կարող կատարել «ժողովրդավարության պահակի» իր դերը»:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը խնդրում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում հերքի եւ լրագրողից ներողություն խնդրի պաշտոնական տեղեկության համար, եւ պարտավորեցնի նաեւ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը տպագրել «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի www.aravot.am կայքում:
Հայցադիմումը տասներեք էջից է:

Դատարան է ներկայացվելու նաեւ Հր. Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» առաջին հատորը:

Ի դեպ, նկատեմ, որ պաշտոնական կայքերում հաճախ «պարզաբանում», «հերքում», «ի գիտություն» վերնագրերի տակ հերքման, պարզաբանման անվան տակ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս հրապարակման հեղինակների հասցեին: Իսկ նման հայցադիմումն առաջինն է, որով փորձ կարվի հստակեցում մտցնել պաշտոնական տեղեկատվության, պարզաբանման եւ այս սահմաններն անցած տեղեկատվություն տնօրինողների գործելակերպում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728