Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տյառնընդառաջը կնշվի Գառնի արգելոց-թանգարանում

Փետրվար 08,2018 14:00

Տրնդեզը, որ Քրիստոնեական Հայաստանում ստացել է Տյառնընդառաջ անվանումը, այսօր նշվում է նաեւ եկեղեցական տոնախմբությամբ։ Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանի խոսքով՝ բնության 4 տարրերից մեկի՝ կրակի պաշտամունքը մեզանում խորը արմատներ ունի։ Այդ առումով հետաքրքիր ուսումնասիրություն ունի Խրիմյան Հայրիկը. «Նա փորձում էր հասկանալ, թե ժողովրդին ինչով է գրավում կրակը։ Հայկական հավերժության խորհրդանշանը (սվաստիկան) եւս կապվում է կրակի հետ։ Բնության ուժերից մեկի՝ կրակի պաշտամունքը մշտապես ուղեկցել է հայերին ու ընդհանրապես հնդեվրոպական ժողովուրդներին։ Հայերի համար կրակի պաշտամունքը տարբեր դրսեւորումներ ունի։ Հայկական տոների մեջ Տրնդեզը միակը չէ, որի ընթացքում մեծ խարույկ է արվում (Բարեկենդան, Ամանոր)։ Սակայն ժամանակի ընթացքում, բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, Տրնդեզի տոնից մնացել է միայն կրակ վառելու սովորույթը, ինչը հավերժության խորհուրդն ունի»։

«Ժողովրդի մեջ նույնիսկ համոզմունք է եղել, որ Տրնդեզի օրը ծնված երեխան կրակոտ ու չարաճճի պետք է լինի։ Ընդունված է եղել, որ Տրնդեզի կրակ վառելուն ու ընդհանրապես տոնակատարությանը մասնակցել են հիմնականում երիտասարդները։ Դա նաեւ երիտասարդ աղջիկների ու տղաների համար լավ հնարավորություն է եղել ծանոթության, շփման, միմյանց լավ ճանաչելու, երգ ու խաղիկների միջոցով զգացմունքները միմյանց հայտնելու»,- ասում է ազգագրագետը։

Չնայած տեսակետ կա, որ Տրնդեզը կապված է Տիր աստծո հետ, բայց մեզ հայտնի է որպես ժողովրդական տոն, որը նշում է նաեւ Առաքելական եկեղեցին։ Ընդունված էր, որ երիտասարդները եկեղեցու բակում խարույկ վառելուց եւ տոնախմբելուց հետո խարույկի կրակից տանում էին տուն, որպեսզի նոր կազմավորված զույգերի ընտանիքների բակերում եւս խարույկ վառվեր։ Երիտասարդ ազգագրագետի կարծիքով՝ այն ոչ միայն հավերժության, այլեւ պտղաբերության խորհուրդ ուներ, իսկ եթե հանկարծ կրակի վրայից թռչելու ընթացքում շորի փեշից մի կտոր վառվեր, դա արդեն նշանակում էր, որ զույգը անպայման շուտով երեխա է ունենալու։ Նույնիսկ ընդունված էր, որ այն ընտանիքներում, որտեղ ամլությունը շարունակվում էր մի քանի տարի, Տրնդեզի կրակը տեսնելն անգամ կարող է նպաստել երեխա ունենալ։

Որոշ հետազոտողներ ավելի մեծ ուշադրություն են դարձրել կրակի հենց երկրագործական նշանակությանը։ Ժողովուրդը հավատացել է, որ Տրնդեզի օրհնված կրակը ոչ միայն ձմռան ավարտն ու գարնան սկիզբն է խորհրդանշում, այլեւ, ժողովրդի խոսքով, առատություն է տալիս հողին։ Պտղաբերության նպատակով այդ խարույկի մոխրից խառնել են կերին ու տվել անասուններին։ Այդ մոխրից նաեւ թոնրի կրակին են խառնել։ «Ի դեպ, մարդիկ հավատում էին ոչ թե զուտ Տրնդեզի, այլ ընդհանրապես կրակի զորությանը։ Որոշ հետազոտողներ Տրնդեզը համարում են խաղաղության, հանգստության, ուրախության տոնակատարություն, սակայն նրանց մի մասը համոզված է, որ եւ Տրնդեզը, եւ Բարեկենդանը, եւ Ամանորը դրանք առօրյայի հակադարձ պատկերն են. եթե առօրյայում մենք մեր ղեկավարների հետ չենք կարող շփվել որպես հավասարը հավասարի, ապա այդ օրը մարդիկ հավասարվում են, տոնը դասային հավասարության խորհուրդ ուներ նաեւ»,- հիշեցնում է Խորեն Գրիգորյանը։

Տրնդեզը տոնել են նախեւառաջ նոր կազմավորված զույգերի ընտանիքներում, որտեղ մեղրով փոխինդ ու աղանձ էր պատրաստվում։ Փոխինդը պտղաբերության խորհուրդ ուներ եւ շատ օգտակար էր նոր ծննդաբերած կամ հղի կանանց համար։ Աղանձի մեջ հատիկեղենների առկայությունը եւս պտղաբերության խորհուրդն ունի, բոլոր հատիկավորները խորհրդանշում են մարդկանց ընդհանրապես, իսկ քաղցր հատիկավորները բարի մարդկանց եւ քաղցրը խառնելով՝ քաղցրանում էր ամբողջը։ Խորհուրդը հետեւյալն էր. քիչ լինելով՝ անգամ քաղցրության, բարության հատիկները կարող են վարակել բոլորին։

Ըստ ազգագրագետ Խորեն Գրիգորյանի, Տրնդեզը կամ Տյառնընդառաջը նշելը նախ ճանաչողական նպատակ ունի, որպեսզի կենդանանա, նոր շունչ առնի ժողովրդական տոնը, մյուս խնդիրը՝ երիտասարդներին տոնին մոտեցնելով, դրա շարունակականությունը, հավերժականությունը ապահովելն է, այն մոռացումից փրկելը։ Իսկ «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում Տրնդեզը նշելը նաեւ այդ հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելու, ճանաչելի դարձնելու եւ դրա նկատմամբ հոգատար վերաբերմունք ձեւավորելու նպատակն ունի։

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

07.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728