Լրահոս
Օրվա լրահոսը

Որսագողը`բնության պաշտպա՞ն

Փետրվար 07,2018 23:52

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմի Վայոց Ձորի կառույցը ղեկավար չունի: Տեսչությունը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատար: Ու այս աթոռի համար Վայոց Ձորում կռիվ է գնում:

«Կռվողներից» մեկն էլ Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանն է: Սիրեկան Բաբայանը միակ նախկին պաշտոնյան չէ, որ ուզում է պաշտոն ստանալ: Սա արտառոց չէ: Արտառոցն այն է, որ Սիրեկան Բաբայանը փորձում է դառնալ բնության եւ կենդանական աշխարհի պաշտպան այն դեպքում, երբ տարիներ առաջ աչքի է ընկել կենդանական աշխարհի նկատմամբ իր անօրինական վերաբերմունքով:

Դեպքը տեղի է ունեցել 2013-ին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 21-ին բնապահպանության նախարարության ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մետր հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով:

Նոյեմբերի 26-ին ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հետո, ոստիկանությունը պարզել է, որ մի խումբ անձինք «քարակաքավի որս կատարելու եւ այնտեղ հաց ուտելու նպատակով գնացել են Արենի եւ Խաչիկ գյուղերի միջեւ գտնվող հանդամասեր, որտեղ Վաչագան Ղ.-ն իրեն պատկանող «ՍԿՍ» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացանով ապօրինի որսացել է նշված բեզոարյան այծը»:

Այս դեպքի գործող անձանցից մեկն էլ Սիրեկան Բաբայանն էր: Տեղացիները պնդում են`գլխավոր գործող անձը: Ասում են, նա առհասարակ, որսորդության հետ սեր ունի եւ տարբեր պատմությունների մեջ մի քանի անգամ հայտնվել է: Սիրեկան Բաբայանը «բեզոարյան այծի» գործով, սակայն որեւէ պատասխանատվություն չկրեց: Դարձյալ ըստ տեղացիների, մի տարեց որսորդ ամեն ինչ իր վերցրեց եւ վճարեցում են օրենքով նախատեսված 3 միլիոն դրամը եւ վերջ:

Հիմա, բնության եւ կենդանական աշխարհի նկատմամբ յուրահատուկ սե՞րն է Սիրեկան Բաբայանին դրդում կռիվ տալ այս պաշտոնի համար, թե՞ այլ հանգամանքներ էլ կան`միայն Սիրեկան Բաբայանին հայտնի կլինի:

Aravot.am-ը փորձեց խոսել պարոն Բաբայանի հետ: Վերջինս չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Իսկ տեսչության պետի մամուլի խոսնակը Սիրեկան Բաբայանի նշանակման հետ կապված մեր հարցին պատասխանեց`Վայոց Ձորի մարզային ստորաբաժանումը ժամանակավոր պաշտոնակատար ունի ու այդ տեղեկությունը տեղադրված է պաշտոնական կայքէջում. «Հնարավոր փոփոխությունների մասին կտեղեկանաք կայքէջից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    ամեն ինչ իր վերցրեց եւ վճարեցում են օրենքով նախատեսված 3 միլիոն դրամը ??????????????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728