Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն Սաակաշվիլին չէ, որ հեղափոխություն է արել և Սաակաշվիլին չէ, որ գիրք է գրել»․ Կայացավ «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը

Փետրվար 07,2018 21:35

«Ես այս գիրքը չեմ թարգմանել Սաակաշվիլու համար, ես սա չեմ թարգմանել որովհետև Սաակաշվիլու անձի նկատմամբ ինչ-որ մեծ անձնական զգացմունքներ ունեմ։ Սա թարգմանել եմ, որովհետև այստեղ տեսել եմ մի տեքստ, որը պիտանի է մտածելու քննադատելու համար։ Ես այստեղ տեսել եմ պետության կառուցման մի պատմություն, որը ներկայացված է Սաակաշվիլու տեսանկյունից»,- «Յանկի» փաբում այսօր տեղի ունեցած «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը։

Ըստ նրա՝ կա նաև հակադիր տեսանկյուն, և մարդիկ, ովքեր ասում եմ՝ ամեն բան սուտ է, այդ պատճառով քննարկելու, քննադատաբար մոտենալու, հավատալու ու չհավատալու անհրաժեշտություն կա, բայց այն փաստը, որ Վրաստանը մեր աչքի առջև փոփոխության է ենթարկվել մեզ պիտի ստիպի մտածել այդ փոփոխությունների խթանման մասին։

«Ուժերի զարթոնք»-ի շնորհանդեսը հասցրել էր չեղարկվել երկու անգամ։ Թարգմանիչը, թեև խուսափում է միանշանակ ասել ՝չեղարկումը կենտրոնացված ինչ-որ ճնշումների բնույթ ուներ թե անհատական ամբիցիաների հարց է, բայց դա գնահատում է որպես ճնշումների հետևանք. «Ես ինձ երջանիկ կզգամ, եթե գրքի բովանդակության շուրջ քննարկումներ լինեն և ոչ թե Սաակաշվիլու անձի շուրջ, որովհետև դա մեր պետության առանցքային խնդիրը չպիտի լինի։ Թեկուզ այն գրած լիներ Ջորջ Օրուելը, միևնույն է՝ կարծում եմ պետք է քննարկել այն»։

«Յանկի» փաբի տնօրեն Մանուկ Սուքիասյանը ասաց, որ իրենք անտարբեր չեն ցանկացած մտավոր պրոդուկտի հանդեպ ․ «Եթե գիրքը օրենքի տեսանկյունից արգելված չէ և ոչ մի պետական մարմին պաշտոնապես չի կասեցրել, անկախ գրքի բովանդակության և հեղինակի հանդեպ ունեցած համակրանք-հակակրանքներից, օրենքը պետք է պաշտպանի մեզ և մենք պետք է անենք ամեն բան որևէ կարգի սուբյեկտիվ խոչընդոտները հաղթահարելու համար» ։

Ելք դաշինքի անդամ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը չի հասկանում տրամաբանությունը այս երևույթի՝ խոչընդոտել ինչ-որ բանի տարածմանը, որը առանց այդ էլ կա ու գոյություն ունի։ Ասում է՝ եթե երիտասարդը ուզում է սովորել ինչ-որ բան, աղբյուրները կան ու բազմաթիվ են․«Միայն Սաակաշվիլին չէ որ հեղափոխություն է արել և Սաակաշվիլին չէ, որ գիրք է գրել, բազմաթիվ են այդպիսի գրքերը՝ սոցիալական ցանցերում, համացանցում։ Մենք գնալով տոտալիտարիզմի շունչ ենք զգում մեր երկրում և սա վտանգավոր է,պիտի ուշի ուշով հետևենք ու պայքարենք սրա դեմ»։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728