Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը պարտավոր է ապահովել մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը. քննարկումներ հակածխախոտային օրինագծի առնչությամբ

Փետրվար 07,2018 20:07

Ծխելու արգելքի մասին օրենքին քաղաքագետ Կարեն Քոչարյանը դեմ չէ, նա դեմ է այդ օրենքով սահմանված տուգանքների չափերին: Այսօր այս մասին ասաց Քոչարյանը «Հոդված 3» ակումբում «Ծխելու դեմ պայքար․ հանուն առողջությա՞ն, թե՞ բյուջեի» բանավեճի ժամանակ:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել:

Ըստ այս նախագծի, արգելվում է ծխելը հանրային, զվարճանքի եւ ժամանցի վայրերում, վերելակում եւ կանգառներում, ռեստորաններում եւ սրճարաններում, փակ տարածքներում եւ այլն : Նախագծով սահմանվում է՝ արգելված վայրերում ծխելու դեպքում տուգանքը 50-500 հազար դրամ է:

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ այս օրենքը հերթական մեռելածին օրենքն է լինելու՝ տուգանքների կիրառման իմաստով: Քոչարյանի դիտարկմամբ՝ վերահսկողությունը չի գործելու, այսինքն՝ արգելված շատ վայրերում ոչ ոք չի ստուգելու՝ ծխող կա՞, թե՝ ոչ, հատկապես գյուղական վայրերում. «Սա դառնալու է հերթական կոռուպցիոն գործոնը: Արտերկրում իրական տեսանելի է, թե ինչպես են նվազեցնում ծխելը, բայց եթե դնում են 50 -500 հազար տուգանք՝ չի աշխատելու»:

Բացի այս, ըստ Քոչարյանի, այն հիմնավորումները՝ եթե տուգանքների չափը քիչ լինի, ազդեցիկ չի լինի, անհիմն են. «Հայաստանի ներկայիս սոցիալական պայամններում անգամ 1000 դրամն էլ մեծ գումար է: Եվ եթե վերահսկող մարմինը հետեւողականորեն լինի, որպեսզի օրենքը կյանքի կոչվի՝ 1000 դրամն էլ բավական է»:

Բանավեճին ներկա քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանն էլ նշեց՝ «Ես գտնում եմ՝ առողջապահության նախարարն այս օրենքը ներկայացնելու բարոյական իրավունք չունի: Այն, ինչի դեմ պայքարում են, մեծամասամբ հիմնված է բլեֆի վրա: Այսինքն՝ ծխելն այնքան սարսափելի չէ, ինչպես ներկայացվում է, բայց ես չեմ էլ ասում, որ դա լավ բան է»:

Սարդարյանն ասաց, որ ծխելու ու ծխի վնասակարության մասին ոչ իրական թվեր է ներկայացնում. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին հղում անելով մեզ ասում են՝ երկրորդային ծխողների համար քաղցկեղածին լինելու հավանականությունը 22% է: Իրականում հավանականությունը 0.002% է: Այս հետազոտությունն արել են մարդիկ, որոնք 30 տարի աշխատել են ՄԱԿ-ի՝ քաղցկեղի դեմ համաշխարհային կազմակերպությունում: Օրենքն, իհարկե, անհրաժեշտ է, բայց ռեպրեսիվ մեթոդներով հասնել արդյունքի, դա ոչ թե պետության է նմանվում, այլ ահաբեկչական կազմակերպության, սա տեռոր է»:

Yankee Pub-ի հիմնադիր Մանուկ Սուքիասյանի կարծիքով էլ՝ եթե հայտարարում են, որ ծխելը վնասակար է եւ եթե մտածում են հանրային առողջության մասին, ապա թող արգելեն ՀՀ ծխախոտի մուտքն ու ՀՀ-ում դրա արտադրությունը: Սուքիասյանն էլ է այն մտքին, որ տուգանքների չափն անհեթեթ է, եւ, կարծես թե, դիտավորյալ մեծ չափեր են գրել, որպեսզի քննարկումներից հետո նվազեցնեն, ու հեղինակներն ել ասեն՝ տեսա՞ք ինչ լավ բան արեցինք ձեզ համար: Փոքր բիզնեսի սեփականատերը գտնում է՝ եթե փաբերում արգելվեն ծխելը, ապա սա մեծ հարված կլինի նրանց. «Եթե ռեստորանում չի կարելի ծխելը, մարդը էլ որտե՞ղ գնա ծխելու, եթե ոչ փաբ»:

Սուքիասյանն ասաց, որ այն վայրերում, որտեղ մի 2-3 դահլիճներ կան, պետք է թույլատրվի ծխողների համար առանձնացված սրահ գործի:

Հանրային առողջության մասնագետ Արսեն Թորոսյանն էլ բանավեճի ժամանակ ցուցադրեց մի լուսանկար, որտեղ պատկերված էր իռլանդական մի փաբ եւ այստեղ ծխելու դեպքում 3000 եվրո է տուգանքը: Ըստ Թորոսյանի, տուգանքն այնքան պիտի լինի, որպեսզի ծխելը սահմանափակվի. «Իմ կարծիքով՝ տուգանվելու են հաստատության տերերը, պատասխանատվությունը նրանց վրա է լինելու»:

«Հյուման ռայթս հաուս Երեւան»-ի ներկայցուցիչ Հովհաննես Մադոյանն էլ նկատեց՝ պետությունը պարտավոր է ապահովել մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը, եւ թյուր է կարծիքը, որ այդ տուգանքները բյուջեն լցնելու համար են:

Քոչարյանն էլ հակադարձեց՝ եթե հանրային առողջության մասին են մտածում, ուրեմն պետք է արգելեն մեքենաներ վարելը, որովհետեւ դրանց վառելիքից արտանետումներն էլ ոչ պակաս վնասակար են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728