«ԱրմԷկ Թրեյդինգ» հայկական ընկերությունը, Հայաստանում և տարածաշրջանում միակն է, որն անմիջապես Էկվադորից ներկրում է բանան` ֆիրմային և հայկական պիտակներով, այսուհետ կներկրի նաև Արցախի խորհրդանիշը պատկերող պիտակներով:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության ներկայացուցիչ Արմինե Բոնաթյանը:
«Էկվադորից արդեն ներկրվել է Արցախի խորհրդանիշն («Մենք ենք մեր սարերը» կամ շատերին ավելի հայտնի «Պապիկ-տատիկ» անունով) պատկերող պիտակներով, որոնք արտահանվել են Ռուսաստան, Ղազախստան, Իրան: Սակայն արտահանվող երկրների ցանկը սրանով չի սահմանափակվելու»,- հայտնել է նա` հավելելով, որ նպատակը` Արցախի Հանրապետությունը դրսում ճանաչելի դարձնել նաև նման միջոցով:
Այն հարցին, թե Ադրբեջանից սպասու՞մ են արձագանքի և խոչընդոտելու փորձեր` Արցախի խորհրդանիշը պատկերող պիտակներով շարունակական արտահանմանը, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ ունեն ձեռք բերված համապատասխան պայմանավորվածություններ և ընկերությանը չի կարող խանգարել այդ հանգամանքը:
Ինչպես նշեցին ընկերությունից, հայկական շուկայում այն ևս արդեն վաճառվում է: Իսկ արցախյան շուկա դեռ չի հասել: Արցախում մրգավաճառները զարմանում են և նույնիսկ թերահավատորեն վերաբերում դրան. «Հնարավոր չէ այդպիսի բան, բանանը էկզոտիկ երկրներից է գալիս և հայկական, առավել ևս արցախյան պիտակներով` հնարավոր չէ»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ