Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վարչապետին գնաճի հետ կապված հարց ուղղեց:
Նա ասաց, որ Հարկային նոր օրենսգրքով ավելացել են նաեւ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկը, բայց այդ շուկաներում գների բարձրացումն այդքան կտրուկ չէ, որովհետեւ տնտեսվարողներն իրենց վրա են վերցրել բեռը, իսկի բենզինի, դիզվառելիքի, սեղմած գազի դեպքում ողջ բեռը սպառողների վրա են թողել: Նա ասաց, որ հեղուկ գազի եւ սեղմած գազի գների աճը հանգեցնում է այլ ապրանքների գնաճի ու հետաքրքրվեց՝ Ֆլեշից, CPS-ից բացի չե՞ն կարող միջազգային խոշոր ընկերությունների էլ ներգրավել մեր շուկայում, օրինակ՝ Լուկօյլին, որ այսքան կենտրոնացած չլինի, այդ գերիշխողները վերահսկում են նաեւ մանրածախ շուկան:
Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ մեր երկրում 7.7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը ԱՊՀ-ում, մեր տարածաշրջանում ամենաբարձրն է, եւ ունենք գնաճ, որն ամենացածրն է: Վարչապետն ասաց, որ «շատ դեպքերում իմ խոսքը մի քիչ այլ կերպ են մեկնաբանում, բայց բենզինը որեւէ փոխադրման, ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետեւ բենզինով փոխադրում չկա: Ի գիտություն մեր գործընկերների՝ Հայաստանի ավտոտրանսպորտի 84 տոկոսն ունի գազից օգտվելու հնարավորություն, ռեգուլյար օգտվում է 75-ը: Գազի գինը վերականգնվել է այն գինը, որ եղել է 2 տարի առաջ, եւ պարզ է, որ դա լավ չի գազ օգտագործողի համալիր, բայց դա նոր պայման չի: Դիզվառելիքի մասով ով ԱԱՀ-ով է աշխատելու, նա շահելու է, ով ոչ՝ գյուղացին, մենք իրեն սուբսիդավորելու ենք: Այդ իսկ պատճառով, այսօրվա գնաճի մեր թվերը լավագույնն են»:
Ինչ վերաբերում է խոշոր ընկերությունների բերելու, վարչապետն ասաց, որ այս փոքր շուկաներում ունենալու են գերիշխողների, փոքր շուկան գայթակղիչ չէ մեծ ընկերությունների համար:
Կարեն Կարապետյանն անդրադարձավ գնաճի վերաբերյալ իր՝ նախկինում ասված խոսքերին, որոնք ընդդիմադիր պատգամավորների կողմից այս օրերին անընդհատ շրջանառվում են. «Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ոչ մարդու, ոչ ապրանքի: Բենզինը անհատական մեքենաներն են, չի ուզում բենզին, կարող է գազի անցնել: Ինչպես մեր գործընկերներն ասում են՝ վարչապետն ասել է՝ չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել»:
Իսկ գազի հետ կապված վարչապետ ասաց, որ վերականգնել են այն վիճակը, այն գները, ինչ 2015-ին է եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ