Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները տարաբնույթ հարցեր ուղղեցին կառավարության անդամներին: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ պատգամավորների 80 տոկոսը վիրուսներով վարակվել է ու հետաքրքրվեց, թե նախարարնե՞րն էլ են վարակվել: Պարզվեց՝ կառավարության անդամների իմունիտետը շատ բարձր է, այս սեզոնին որեւէ մեկը չի հիվանդացել: Նախարարն ասաց, որ մեծահասակները, ինչպես նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաները կարող էին պատվաստվել, պատվաստվելը այսօրվա բժշկության ապագան է, մինչդեռ այսօր բնակչության 30-35 տոկոսն է կամավոր գալիս պատվաստման: Նա ասաց, որ ԱԺ-ում նույնպես պետք է պատվաստվելը քարոզվի:
Հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Եթե լինեի միջնադարի հայտնի մեկնիչ Հովհաննես Ոսկեբերանի ժամանակակիցը, ես կխնդրեի, որ ինքը մեկնաբանի այսօր առողջապահության նախարարի մի արտահայտություն՝ ծխելու տուգանքը էժանացնենք՝ առեւտրի կհանգեցնի, թանկացնենք՝ ծխելը կվերացնի»:
Նա հարցրեց կառավարության դռնփակ դատական նիստերի որոշումից եւ մեջբերեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերը, ըստ որի, կառավարության դռնբաց նիստերը հակաժողովրդավարական են. «Այդ դեպքում, հարգարժան պարոն վարչապետ, ի՞նչ միջոց եք ձեռնարկել տասը տարի կառավարության իրավաբանական կողմը սպասարկած մասնագետների դեմ, որոնք տուրք են տվել հակաժողովրդավարական, ուստի նաեւ հակասահմանադրական իրավակարգավորումներին: Եվ առհասարակ, ինչպե՞ս է ձեր զգացողությունը, որովհետեւ դուք էլ, փաստորեն, մեկ տարուց ավելի ղեկավարում եք այդ հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական գործընթացը»:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ վստահաբար միջնադարյան մեկնիչի դերը չի ստանձնի, բայց եթե Գեւորգ Պետրոսյանը լիներ Ոսկեբերանի ժամանակակիցը, հենց Ոսկեբերան կլիներ ինքը, ոչ թե այլ անձ:
Ինչ վերաբերում է կառավարության նիստերին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Սխալներ միշտ էլ լինում են եւ սխալները հենց նրա համար է, որ ուղղվեն: Եվ եթե մենք մի քայլ ենք արել՝ ենթադրելով, որ դա կբերի ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի, թափանցիկության, ավելի ճիշտ է ուղղել սխալը, քան շարունակել այն»:
Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց, որ այդպիսի սխալներն ուղղելը հեշտ չէ, խոսքը վերաբերում է ամբողջ կառավարության գործունեության սահմանադրականությունը:
Նա առաջարկեց ոչ թե նիստերը դռնփակ անել, այլ այնպիսի հարցեր քննարկել, որ չկաշկանդվեն ու չամաչեն, օրինակ, քննարկեն մանկավարժների, գիտնականների, ոստիկանների աշխատավարձերը բարձրացնելու հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ