«Բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են հարկային օրենսգրքի փոփոխության պատճառով, քանի որ բենզինի վրա ավելացել է ակցիզային հարկը, իսկ դիզելային վառելանյութի վրա՝ ավելացված արժեքի հարկը»,- այսօր «Հայելի» ակումբում թանկացումներին անդրադառնալով՝ ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա. «Բենզինը՝ 20, դիզելային վառելանյութը՝ 60, սեղմված գազը 20-25 դրամով բարձրացել է: Երբ ընդունվում էր Հարկային օրենսգիրքը, այն ժամանակ ասում էինք, որ պետք է այնպիսի քաղաքականություն տանել, որ խնդիրների առջև չկանգնենք: Տարեցտարի բենզինի իրացման ծավալները նվազում են: Եթե 20 տարի առաջ 350-360 հազ. տոննա բենզին էինք իրացնում, հիմա 123.000 է ու գնալով նվազելու է, բենզինը դառնալու է ճոխության առարկա»:
Վազգեն Սաֆարյանը գիտի նաեւ մսի թանկացման պատճառը՝ մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասունների արտահանումն է:
«Օրինակ, ինչո՞ւ ենք Նոր Զելանդիայից կարագ բերում, եթե կարող ենք Ռուսաստանից բերել: Այս տարի միայն Նոր Զելանդիայում է կարագը թանկացել, բայց ոչ մյուս երկրներում»,-կարագի գների բարձրացումից դժգոհեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նա չբացառեց, որ կարագը Հայաստան են բերում ոչ թե Նոր Զելանդիայից, այլ մի ուրիշ երկրից. « 15-17 տարի առաջ, երբ որ խոսում էինք կարագի մասին, մենք գիտեինք, որ արտերկրից կարագը բերում, այստեղ ջրով բացում էին ու քիչ յուղայնությամբ բարձրի յուղայնություն ունեցողի անվան ներքո վաճառում էին: Դրա մասին իմացել ենք, այդ գործարանը տեսել ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ