Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր իր հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականին սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը շատացել է․ 2016 թվականին արձանագրվել է 250 դեպք, 2017 թվականին՝ 359, այսինքն 109 դեպքով ավելացել է։
«Ինձ ամենաշատը մտահոգում են բնակարանային գողությունները․ 2016 թվականին արձանագրվել է 51 դեպք, 2017 թվականին՝ 71 դեպք։ 20 դեպքի ավելացում ունենք, չբացահայտված դեպքերը՝ 2016 թվականին կազմել է 23-ը, այս տարի 36-ը։ Կոնկրետ այս առումով իմ կողմից դարձյալ համապատասխան միջնորդություն է ներկայացվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ բնակավայրերում ոստիկանության աշխատակիցներին գիշերային շրջագայությունների երթուղիներ ավելացնելու ու հանցագործությունների նկատմամբ հակում ունեցող անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց հետ պարբերաբար բացատրական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։ Ինչպես նաև բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում՝ գույքի ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու։ Բացի այդ, համապատասխան գրություններ-պահանջներ են ներկայացվել Գյումրու, Արթիկի ու Մարալիկի ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկելու, համայնքների տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերի տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, ինչը մի կողմից կնպաստի բնակարաններից գողությունների թվի նվազմանը, իսկ մյուս կողմից կապահովի համայնքի բնակիչների անվտանգությունը»,-ասաց Կարեն Գաբրիելյանը։
Դատախազի ասելով, գողություններն ավելի շատ բնակարաններից են, քան օբյեկտներից, գողանում են ինչ պատահի՝ տարբեր կենցաղային ապրանքներ, ցանկացած գույք՝ սկսած՝ 100 դրամից։
«Հանցագործի դիտավորությունը չկոնկրետացված է, ինչ տեսնի, ինքը հափշտակում է»,-ասում է դատախազը։ Կարեն Գաբրիելյանը նաև ասաց, որ բնակարաններ թալանելուց չեն առանձնացնում մեծահարուստներին, թալանում են նաև չունևոր մարդկանց տները։
Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում օրը ցերեկով կատարված ավազակային հարձակման մասին էլ դատախազն ասաց, որ այն դեռ բացահայտված չէ, սակայն կան օպերատիվ տվյալներ հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ։ Դատախազը իր մտահոգությունը հայտնեց, որ կատարվել է ավազակային հարձակում, սակայն այն դեռ բացահայտված չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ