Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Panorama.am գործակալությանը
Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի կոչը Ֆրանսիայի իշխանություններին՝ թույլ չտալ Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։
Պատասխան․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ֆրանսիայի հասարակայնության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ Ֆրանսիային պարտադրել իր կասկածելի ստանդարտները, որոնք հակասում են ժողովրդավարական նորմերին։
Ակնհայտ է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում։ Բավական է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսում՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, քաղաքական շրջանակների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց կառավարություններին ուղղված կոչերով՝ ուղիղ շփումներ հաստատել Արցախի իշխանությունների հետ։
Համոզված ենք, որ հակամարտությունը չի կարող որպես պատրվակ ծառայել՝ հրաժարվելու ուղղակի կապեր հաստատել Արցախի իշխանությունների հետ։ Հակառակը, Արցախի ներգրավումը միջազգային գործընթացներին նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։