Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են Սննդի անվտանգության ծառայությունը լուծարել, եթե թթվասերի աղիքային ցուպիկը գտնում է ԶԼՄ-ն

Փետրվար 07,2018 17:23

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների մի քանի ամսվա չստացած աշխատավարձի հետ կապված հարց ուղղեց:

Նա ասաց, որ դիմել է վարչապետին, պատասխան է ստացել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղ ասվում է, որ չվճարված աշխատավարձերի խնդիրը կարող է լուծվել միայն սնանկացման գործընթացի շրջանակներում:

Փաշինյանն ասաց, որ հիմա սնանկացման կառավարիչը դատական հայցեր է հարուցել նախնական գնահատականով մի քանի հարյուր միջին եւ փոքր ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք ժամանակին աշխատել են Աշտարակ կաթի հետ, առաքիչները արձանագրում են, որ բիզնեսմեններից այդ գումարները ստացել են եւ մուտքագրել են գործարան, բայց գործարանում այն սահմանված կարգով չեն արձանագրել եւ սնանկացման կառավարիչը դատի է տվել գործարարներին. «Հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ ունքը սարքելու տեղ աչքն էլ դուրս գա «Աշտարակ կաթի» հետ կապված»: Նա հարցրեց, թե կառավարությունը խնդրի մասին ինչ դիրքորոշում ունի:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ սնանկության կառավարիչը կառավարությունից դուրս է գործում, ենթարկվում է միայն օրենքին, վերահսկվում է միայն դատարանի կողմից: Եթե դատարան է դիմել, նշանակում է ուներ հիմք: Թե ինչքանով են արդարացված այդ պնդումները, միայն դատական գործընթացում կարող է պարզվել: Եթե դատարանում ապացուցվի, որ այդ գումարները մուտք են գործել դրամարկղ, հետո անհետացել են, այդ բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն դատարանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ գյուղատնտեսության նախարարին հարցրեց՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ կաթնամթերքի շուկայում սննդի անվտանգության խախտումները հայտնաբերում է ոչ թե Սննդի անվտանգության պետական տեսչությունը, այլ՝ ԶԼՄ-ն, չե՞ք գտնում, որ մեղմ ասած պետական ծառայությունը իր տեղում չէ եւ պետք է վերանայվի նման կառույց ունենալու անհրաժեշտությունը: Տվյալ դեպքում խոսքը «Հետքի» հրապարակման մասին էր, ըստ որի կաթնամթերքի շուկայում հայտնի 7 ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ, խմորասնկերի բարձր քանակ: Միայն 3-ում խախտումներ չէին գտել:

Պատգամավորը մեջբերեց նաեւ վարչապետի խոսքերը՝ «երբ քաղաքացին գնում է թթվասեր կամ այլ բան, պետք է հավատացած լինի, որ կա կազմակերպություն, որն իր շահերն է պաշտպանում, ոչ թե բիզնես շահերը»:

Նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Բոլորն իրենց տեղում են գտնվում, բոլորը կատարում են իրենց պլանավորած աշխատանքը, թե ինչ կարգի ստուգումներ եւ որտեղ պետք է արվի: Սա առաջին դեպքը չի, երբ մամուլը հայտնաբերում է թերություններ՝ սննդի որակի հետ կապված՝ խանութից ձեռք բերելու ժամանակ: Սննդի պետական կազմակերպությունը ակտիվ համագործակցում է մամուլի հետ, եթե կան այդպիսի ահազանգեր»: Նա ասաց, որ թթվասերի հետ կապված ծառայությունը կարձագանքի շուտով:

Ըստ նախարարի, կա առօրյա աշխատանք եւ ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկան վերահսկել ամենօրյա կտրվածքով:

Իսայանն ասաց, որ էլի են դեպքեր եղել, պետական կառույցը ահազանգից հետո նոր միայն ահազանգում է. «Հետքի» հրապարակումից հետո գնացե՞լ է հետքերով, տվյալ կազմակերպություններին պատասխանատվությա՞ն է ենթարկել»:

Նախարարը պատասխանեց, որ հետքերով գնացել է եւ մինչեւ այս շաբաթվա վերջ արդյունքները կներկայացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728