Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով 2017 թվականին արձանագրված հանցագործությունները։ Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին արձանագրվել է 1332 դեպք. նախորդ տարի նույն ժամանակահատվածի հետ համեմատ դեպքերն ավելացել են շուրջ 245-ով։ Բանախոսը հայտնեց, որ ավելացել է սպանությունների թիվը։
2016 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է սպանության 7 դեպք, 2017 թվականին՝ 6։ Դեպքերից 6-ը բացահայտված է, երկուսը՝ ոչ։
Կարեն Գաբրիելյանը, թվարկելով սպանություններն, ասաց, որ դրանցից մեկը կատարվել է 2017 թվականին ապրիլի 22-ին. անձն ապօրինաբար կյանքից զրկել է ռուս զինծառայողին։ Հիշեցնենք, որ խոսքը Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մասին է, որի մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանը Իսլամի հետևորդ է։ Ի դեպ, այս քրեական գործը մոտ օրերս արդեն կլսվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Մյուս քրեական գործը, որը հարուցվել է սպանության հատկանիշներով, Աղավնի Օհանյանի անհետ կորչելու փաստի առթիվ է։ Հաղորդումը ստանալուն պես, օրենքով նախատեսված թույլատրելի ժամանակում նշված անձին չհայտնաբերելու պատճառաբանությամբ Շիրակի դատախազությունը ստիպված է եղել քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին հատկանիշներով։ Դատախազի ասելով, նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նշված անձը, և այդ քրեական գործով վարույթը կարճվել է։ Պարզվել է, որ այդ անձը Գյումրի քաղաքի բնակչուհի է, բացակայել է տանից, մի քանի օր գտնվել է Երևանում՝ իր ընկերուհիների տանը։ «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և մարմնական վնասվածքներ առկա չեն եղել»,-հայտնեց դատախազը։
Սպանության երրորդ դեպքը իր իսկ տան մեջ՝ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարանում 24-ամյա Արթուր Աշոտի Հարությունյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանությունն է։ Երիտասարդի դին հայտնաբերվել էր գլխի շրջանում բութ առարկաների բազմաթիվ ներգործությամբ, տունն էլ տակնուվրա էին արել՝ ալան-թալանի ենթարկելով։
Դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ այս դեպքը մինչև օրս չի բացահայտվել, որի կապակցությամբ էլ հայտնեց իր դժգոհությունը։ «Իմ կողմից բազմաթիվ ցուցումներ, հանձնարարություններ, միջնորդագրեր են ուղարկվել համապատասխան մարմիններին, բայց ասեմ, որ գտնվում է ամենօրյա մեր հսկողության տիրույթում, մենք մեզ թույլատրելի տիրույթում ուսումնասիրում ենք նաև տվյալ գործով հետաքննության աշխատակիցների կողմից կազմված օպերատիվ գործը, և մեր կողմից տրվում է անհրաժեշտ և՛ գրավոր, և՛ բանավոր ցուցումներ»,-ասաց Կարեն Գաբրիելյանը։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործերից մեկն էլ Ռոզա Ռզվաևի անհետ կորչելու դեպքի առթիվ է։ Դատախազի տեղեկացմամբ, տվյալ անձը մինչև օրս հայտնաբերված չէ, այս քրեական գործով վարույթը կասեցվել է։
Սպանության մյուս դեպքը Ստեփան Մարկոսյանին կյանքից ապօրինաբար զրկելու փաստով է։
Հիշեցնենք, որ Գյումրու Ղորղանյան փողոցում իր իսկ տան մեջ 23-ամյա մի երիտասարդ սպանել էր 77-ամյա Ստեփան Մարկոսյանին։ Տարեց տղամարդն առանձնատանը բնակվում էր միայնակ, նրա զավակները արտերկրում են։
Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, նա կալանքի տակ է։ Մոտ օրերս այս գործը ևս մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու է դատարան։
Քրեական մեկ գործ էլ, որ հարուցվել է դարձյալ սպանության հատկանիշներով, Գառնիկ Հարութի Եղոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փաստով է։ «Մենք հայտնաբերել ենք նշված անձի դիակը, որի մարմնի վրա առկա են վնասվածքներ։ Առերևույթ վնասվածքներ պարունակելու փաստի կապակցությամբ հարուցեցինք 104 հոդվածի հատկանիշներով քրեական գործ, որի շրջանակներում նշանակվեց դիակի դատաբժշկական փորձաքննություն և հիմնավոր ապացույցներ ձեռք բերվեցին, որ նշված անձի մահվան պատճառը եղել է հիվանդությունը՝ ինֆարկտը, իսկ մնացած մարմնական վնասվածքները պատճառական կապի մեջ են գտնվել անձի մահվան հետ։ Քննությամբ նաև պարզվեց, որ տվյալ անձը մարմնական վնասվածքներ ստացել է վայր ընկնելու հետևանքով»,-ասաց դատախազը։
Նա նշեց, որ 2017 թվականին Շիրակի մարզի տարածքում արձանագրվել են սպանության փորձի 4 դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից մեկը հունիսի 26-ին Գյումրու կենտրոնում՝ «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցներն էին։ Հիշեցնենք, որ այս գործին խառնված էին նաև օրենքով գողեր, ձերբակալվածներից մեկը օրենքով գող Արտյոմ Ղազարյանն է։
Շիրակի դատախազը տեղեկացրեց, որ կրակոցների գործով որպես մեղադրյալ ներգրավված են երկու անձինք, երկուսն էլ գտնվում են կալանքի տակ։ Այս գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան։
«Այս քրեական գործից ունենք անջատված մաս, քանի որ մենք գործի նյութերով պարզել ենք, որ կոնկրետ անձի վրա կրակոցներ արձակվել են երկու անձի կողմից, անձանցից մեկի ինքնությունը պարզված է, մյուսինը՝ ոչ։ Այդ պատճառով քրեական գործից անջատել ենք մաս, նախաքննությունը շարունակվում է»,-տեղեկացրեց բանախոսը։
Սպանության փորձերից մեկն էլ կատարվել է «Արթիկ» քրեակատարողական գաղութի բաց տիպի ռեժիմի դատապարտյալ Արտակ Դիլանյանի նկատմամբ։ Հիշեցնենք, հուլիսի 20-ին «Ռելաքս» գիշերային ակումբի դիմաց գտնվող գազալցակայանի մոտ 34-ամյա Արտակ Դիլանյանը վիճաբանության մեջ էր մտել Պետրոս Նազարյանի հետ, որի ժամանակ էլ վերջինս փորձել էր սպանել Արտակ Դիլանյանին։ Այս գործը ևս ուղարկվել է դատարան, այն դատաքննության փուլում է։
Դատախազի թվարկած սպանության փորձերից ամենացնցողը մի երիտասարդի՝ իր ծնողների վրա դյուրավառ նյութ լցնելով, նրանց այրելու փորձն է։ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս քրեական գործը նույնպես ուղարկել են դատարան. սակայն նշված անձը դատահոգեբուժական փորձաքննությամբ ճանաչվել է անմեղսունակ։
Ի դեպ, 2016 թվականին առողջությանը ծանր վնասվածք պատճառելու 25 դեպք է արձանագրվել, այս տարի՝ 9 դեպք, շուրջ 16 դեպքով նվազել է։ 2016 թվականին չբացահայտված դեպքերը եղել են 5-ը, 2017 թվականին՝ երկուսը։
Դատախազը խոսեց նաև մարզում արձանագրված կոռուպցիոն դեպքերից, գողություններից, գիշերային ակումբներում տեղի ունեցող խուլիգանություններից, հյուրատներում պոռնկությամբ զբաղվելուց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ