Մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի 19 համայնքներում: Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կլինի ավագանու անդամի արտահերթ ընտրություն:
Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, իսկ 10 համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Այդ օրը Լոռու մարզում հերթական ընտրություններ կլինեն Դեբեդ, Դարպաս եւ Լեռնավան համայնքներում:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ պատրաստ են ընտրություններին, համայնքներին էլ ուղարկվել է թեկնածուների գրանցման ժամանակացույցը. «Մարզպետի որոշմամբ այդ համայնքներում ընտրությունները նշանակվել են, եւ այն կառույցները, որոնք որ ընտրությունների հետ առնչվում են, նրանց եւս ուղարկվել է մարզպետի որոշումը: Տեղամասերի կազմավորումն արդեն իսկ ավարտված է, կենտրոնները սահմանվել են: Թեկնածուների փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը փետրվարի 4-9-ը ներառյալ է: Իսկ թեկնածուների գրանցումը՝ փետրվարի 9-ից 14-ը»:
Այն հարցին, թե արդյոք նշված համայնքներն ընդգրկված չեն առաջիկայում համայնքների խոշորացման ծրագրի մեջ, բաժնի պետը պատասխանեց. «Խոշորացման մասին, որպես այդպիսին որեւէ իրավական ակտ կամ նախագիծ չենք ստացել, թե որ համայնքը որ մեկի հետ պետք է միանա: Նախագիծ կներկայացնեն, կիմանանք: Այս պահին մենք շարժվում ենք ընտրական օրենսգրքով եւ ՏԻՄ օրենքով»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ