Այսօր հարյուրավոր փաստաբաններ մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ որպես բողոքի նշան փաստաբաններին տուգանելու՝ կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների գործադուլը ծայրահեղ քայլ է համարում, որին ստիպված են դիմել:
«Ի՞նչ ենք մենք դրանով անում: Հասկանում ենք, որ սա խնդիր է մեր մասնագիտական առաքելության համար, բայց հասկանում ենք նաև, որ եթե այս տուգանքները ուժի մեջ մտան, վաղը փաստաբանը չի կարողանալու իր վստահորդի շահերը պաշտպանել: Եթե վաղը հանդիպի դատավորի վատ տրամադրությանը ու վերաբերմունքին, ու դատավորն ասի՝ ես համարում եմ, որ դու իմ նկատմամբ անհարգալից արտահայտվեցիր, տուգանք կիրառի, եկեք երաշխավորված չասենք ՝ փաստաբանը որ տուգանքից հետո կարող է իր կեցվածքը փոխել»,- այսօր Փաստաբանների պալատում կազմակերպված հավաքի ժամանակ ասաց Զոհրաբյանը:
Նրա կարծիքով, եթե փաստաբանը ոչ բարեխիղճ վերաբերմունք է դրսևորում, մենք ունենք դրա ատյանը. «Քննարկում ենք, հրապարակային ասում՝ հարգելի գործընկեր, ճիշտ չես վարվել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ իրենք կառուցողական են տրամադրված նախագծի քննարկման առումով, իսկ քննարկումը հինգշաբթի է նախատեսված:
Այսօր արդեն հանդիպել են ՀՀԿ ներկայացուցիչների հետ, հանդիպում է նախատեսված նաեւ «Ծառուկյան դաշինքի», ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ. «Այն մարդիկ ենք, որոնք պաշտպանում են այլ մարդկանց իրավունքները և օրինական շահերը: Եվ եթե մենք չենք կարողանալու պաշտպանել մեր օրինական շահերը և գոնե ակնկալել, որ մեր նկատմամբ պետական մարմինները պատշաճ վարքագիծ կդրսևորեն, ապա կարծում եմ՝ մենք շատ անելիք ունենք: Մեր գործընթացին հավանություն են տվել նաև միջազգային շատ գործընկերներ, մենք շուտով իրենց դիրքորոշումները կհրապարակենք»:
Արա Զոհրաբյանի խոսքով, օրինագծում ներկայացված չեն հիմնավորումները. «Կարող ենք ենթադրել նաև, որ դա արվում է փաստաբաններին ճնշելու համար: ՓՊ-ն առաջարկ ներկայացրեց այդ փոփոխությունները հանելու, նման առաջարկ էր ներկայացրել նաև Գլխավոր դատախազությունը, սակայն արդարադատության նախարարությունն առանց քննարկում կազմակերպելու կառավարություն է ներկայացրել ամփոփաթերթը, նշել, որ չի ընդունում մեր փաստարկները»,- ասաց նա:
Փաստաբաններն որոշեցին վաղը շարունակել բողոքի ցույցը և դարձյալ հանդիպել Պալատում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ