Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այժմ չի կարողանա հեշտությամբ մանեւրել եւ ստիպված է կատարել պայմանավորվածությունը». քաղաքագետ

Փետրվար 07,2018 16:14

Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարին Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնել Արցախյան հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը (որը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից մեկն է), համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգում ընդգրկված կլինի այդ հարցը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ օրերս սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, իսկ ՀՀ ԱԳՆ-ում նրանք կլինեն վաղը:

«Կարծես թե որոշակի առաջընթաց կա, բայց, բնականաբար, դա բավարար չէ: Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ սայլը տեղից շարժվում է, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել»,-նկատեց Նարեկ Մինասյանը:

Նա ընդգծեց՝ ապրիլյան ռազմական գործողություններից հետո Ադրբեջանն ամեն կերպ խուսափում էր Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելուց. «Համանախագահներն այս ընթացքում փորձում էին ընդհանուր եզրեր գտնել՝ այնպես, որ երկու կողմերն էլ բավարարված լինեն: Կարծես թե նրանց հաջողվեց գտնել այդ բանաձեւը: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում էր տապալել պայմանավորվածությունների կատարումը, փաստ է, եւ դա ակնհայտ է նաեւ համանախագահների համար»:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն այժմ չի կարողանա հեշտությամբ մանեւրել եւ ստիպված է գնալ զիջումների ու կատարել պայմանավորվածությունը: «Բայց դա չպետք է «զիջում» որակել, քանի որ Ադրբեջանն ավելի վաղ համաձայնել էր Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների շուրջ, իսկ հետագայում՝ խուսափել դրանցից»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728