Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտատերերը վախենում են լատինատառից անցնել հայատառի, որ սխալներ չանե՞ն

Փետրվար 07,2018 16:10

2012 թվականից փետրվարի 7-ը համարվում է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանն այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց, որ 6 տարի է անցել, եւ թեպետ տեխնիկական առումով շատ բաներ են փոխվել, այսօր շատ ավելի բարվոք է վիճակը, բայց շատերը դեռեւս նախընտրում են գրել լատինատառ. «Եթե այսօր մարդ հայատառ չգրելու պատճառ բերում է տեխնիկական խնդիրները, ապա ես այդ փաստարկին թերահավատորեն կմոտենամ»:

Զոհրապ Եգանյանը նշեց, որ ամեն ինչ կանի, որ պետական գերատեսչությունները այս հարցով լուրջ զբաղվեն, քանի որ կարիք կա մասնագիտական քննարկումների:

«Մենք լուրջ խնդիր ունենք մեր ապագա սերունդներին մեսրոպատառ հայերենը փոխանցելու հարցում: Մենք այն սերնդից ենք, որ գրել սովորել ենք գրիչով, իսկ այժմ այնպիսի սերունդ է գալիս, որոնք այդ ամենը «թաչ» էկրաններով է իր գրագրությունները վարում, եկող սերունդը օգտագործում է ոչ մեսրոպատառ հայերենը»,-հավելեց բանախոսը:

Այն հարցին, որ շատերը, հատկապես պատանեկան տարիքի օգտատերերը վախենում են լատինատառից անցնել հայատառի նրա համար, որ սխալներ չանեն, Զոհրապ Եգանյանը պատասխանեց, որ ինքն էլ է սխալ թույլ տալիս, ինչպես նաեւ շատ շատերը, բայց դա հիմք չէ հրաժարվելու հայատառից:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանն էլ նշեց, որ մարդիկ հայատառ դոմենային անունն էլ չեն ընկալում ինտերնետին միանալու մի հնարավորություն, որը միայն մեզ մոտ չէ. «Շատ երկրներ կան, որ լատինատառն է հոգեբանորեն որպես ստանդարտ ընկալվում»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728