Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանն իր եւ Ռոբերտ Քոչարյանի կոնֆլիկտը հիշեց

Փետրվար 07,2018 16:08

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը համոզված է`մեկ-մեկուկես ամիս հետո մարդիկ փաստի առաջ են կանգնելու թանկացումների հարցով, որքան էլ ասենք կառավարությունը որոշի գյուղացիներին դոտացիաներ տալ կամ այլ իրավիճակային լուծումներ գտնել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց`թանկացումների դեմ կազմակերպած իրենց երթ-հանրահավաքից ակնկալիքներն ավելի շատ էին, բայց. «Եկող ամսվա մեջ, խոհանոցում խոսողների, բողոքողների զայրույթն ավելի է ավելանալու եւ դա գործընթաց է, որը ճիշտ ժամանակի մեջ տանել է պետք»:

Համամիտ է`Հայաստանում սոցիալական բունտեր չեն լինում: Լինում են Արցախի հարցով, նախագահի`իրենց թեկնածուի չընտրվելու համար են մարդիկ փողոց դուրս գալիս: Զգուշացնում է`ապրիլին իշխանության վերարտադրության հարց կա, Արցախի հարցն էլ դեռ չլուծված է մնացել, որոշ հարցեր դեռ «օդից կախ են», ապրիլին Ադրբեջանում էլ ընտրություններ են. «Դեռ գործընթացներ կան, որոնք հստակ հանրային շատ մեծ զանգվածների մասնակցություն կարող են ապահովել»:

Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին, մասնավորաբար, ուժային կառույցների`վարչապետի ենթակայության տակ անցնելուն, Արամ Սարգսյանն ասաց, որ դա Սերժ Սարգսյանի մենաշնորհը չէ, բոլոր նախագահներն էլ նման քայլեր արել են: Հիշում է, երբ 1999-ին, Վազգեն Սարգսյանից հետո ինքը ստանձնեց վարչապետի պաշտոնը, իր եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական վեճը հենց դա էր. «Այն ժամանակ նախարարություններ էին: Ես ասում էր` իմ գործընկերը միայն սահմանադրությունն է. գրած է`ես պիտի առաջարկեմ, դուք պիտի հաստատեք: Ես հարյուր մարդու կառաջարկեմ, դուք հարյուրից մեկին ընտրեք, նշանակեք: Ինքն էլ ասում էր`ոչ, այդպես չի: ԱԳ նախարարին միշտ էլ նշանակել է նախագահը`թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, թե իր, ազգային անվտանգության նախարարությունը միանշանակ պիտի նախագահինը լինի, որովհետեւ սահմանադրությամբ ինքն է պատասխանատուն, ՊՆ-ն, քանի որ գերագույն-գլխավոր հրամանատարն ինքն է: ՆԳ-ն`եղբորս, Վազգենի պարագայում ինքը զիջումի է գնացել, ասել է՝ կարող ես դու նշանակել: Էն էլ Վազգենն ասել է`քանի որ պաշտպանության նախարարին դուք իմ առաջարկով եք նշանակել, ՆԳՆ-ն դուք նշանակեք: Քոչարյանն էլ ասել է`էնպես կանենք, որ երկուսիս էլ ընկալելի-ընդունելի լինի: Այսինքն, մշտապես, բոլոր նախագահներն էլ ունեցել են այդ խնդիրը`իրական ուժային լծակներն իրենց ձեռքը պահելու»:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ հաջորդ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանն էլ լինելու է փոխվարչապետ. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին արված առաջարկից հետո ես համոզված եմ, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ: Արմեն Սարգսյանը կայացած մարդ է, եթե իրեն առաջարկողը չի մնալու, նման հնարավորություններ ունեցող անձը հենց այնպես չէր գա»:

Արամ Սարգսյանը սրանով է պայմանավորում նաեւ կառավարության նիստերը փակ անցկացնելու որոշումը. «Սերժ Սարգսյանը հո ինքն ամեն անգամ չի գնալու այդ կառավարության նիստերին: Կթողնի, որ Կարեն Կարապետյանը վարի, ինքը տարվա մեջ երկու անգամ կգնա այնտեղ: Դրա համար ասաց՝ կառավարության նիստերը մի հեռարձակեք, ինչ պիտի իմանան, ես եմ վարելու, թե՝ ոչ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728