ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Պենտագոնին Վաշինգտոնում ռազմական շքերթ կազմակերպել, հաղորդում է BBC-ն:
Իր այդ ցանկության մասին Թրամփը հայտնել է հունվարի վերջին շտաբների ղեկավարների հետ հանդիպմանը: Այդ մասին առաջինը հայտնել է Washington Post-ը: Տեղեկատվությունը հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
«Նախագահ Թրամփը մշտապես աջակցում է հիասքանչ ամերիկացի զինծառայողներին, որոնք ամեն օր իրենց կյանքն են վտանգում՝ մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար,- ասել է Սանդերսը:- Նա խնդրել է պաշտպանության նախարարությանը դիտարկել այնպիսի հանդիսությունների կազմակերպման հնարավորությունը, որոնց ընթացքում բոլոր ամերիկացիները կկարողանան իրենց հարգանքն արտահայտել (զինված ուժերին-խմբ.)»:
Պենտագոնն այժմ ուսումնասիրում է շքերթի կազմակերպման մանրամասները, սակայն Սպիտակ տան գաղտնի աղբյուրն ասել է, որ այս պահին առաջարկը դեռ գտնվում է քննարկման փուլում:
Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ անցյալ տարի նախագահը տպավորվել է Փարիզի ռազմական շքերթով, որը կազմակերպվել էր Բաստիլի ազատագրման տոնակատարությունների շրջանակում:
«Դա ամենահիանալի շքերթներից մեկն էր,- ավելի ուշ ասել էր Թրամփը:- Մենք պետք է փորձենք այն գերազանցել»:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ռազմական շքերթի գաղափարը հիշեցնում է ավտոկրատ վարչակարգերի պահվածք:
«Գումարի ինչպիսի՜ անիմաստ վատնում,- Twitter-ում գրել է կոնգրեսական Ջիմ Մաքհովերնը:- Թրամփն իրեն պահում է ավելի շուտ բռնապետի, ոչ թե նախագահի պես: Ամերիկացիներն ավելիին են արժանի»:
Ռազմական շքերթները ԱՄՆ-ում և այլ արևմտյան երկրներում չափազանց հազվադեպ են հանդիպում. «ռազմական շքերթ» արտահայտությունը հիմնականում նույնականացվում է Հյուսիսային Կորեայի հետ: Արևմտյան մշակույթում նման շքերթներ անցկացվում են միայն ի նշան որևէ ռազմական հակամարտության ավարտի:
«Դա ԱՄՆ զինված ուժերի մշակույթի մաս չի կազմում, դա մենք չենք… Իմ կարծիքով՝ կարիք չկա պարծենալ կամ ցույց տալ բոլորին, որ մենք ուժեղ ենք»,- ասել է գեներալ-լեյտենանտ Մարկ Հերլինգը:
Վաշինգտոնում վերջին ռազմական շքերթն անցկացվել է 1991թ. հունիսին՝ Ջորջ Բուշ Ավագի օրոք՝ ի նշան Պարսից ծոցում առաջին պատերազմի ավարտի և Քուվեյթի ազատագրման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ