Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Փետրվար 07,2018 14:23

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության կազմում:

Հանդիպման ընթացքում Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով պայմանավորված խորհրդարանի նոր դերի ստանձնմամբ:

ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատակազմում բարեփոխումների հրամայականը պայմանավորված է փորձագիտական ու վերլուծական կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությամբ, որի ուղղությամբ արդեն իրականացվում են համապատասխան գործողություններ: Արա Սաղաթելյանը շվեյցարացի գործընկերոջը ներկայացրել է նաեւ «Բաց խորհրդարան» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները:

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղարը, ընդգծելով խորհրդարանական վերահսկողության հարցում Շվեյցարիայի առաջադեմ փորձը, փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:

Գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շվաբը, նշելով, որ Շվեյցարիայի օրենսդիր մարմնի աշխատակազմը փորձագիտական կարողությունների լուրջ ներուժ ունի, առաջարկել է աշխատանքային տարբեր ձեւաչափերով այս հարցում համագործակցել ՀՀ խորհրդարանի աշխատակազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ երկարատեւ համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային անդամակցելու հայտ է ներկայացրել, որի քննարկումը նախատեսված է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում` 2018 թվականի մարտի 26-ին, Ժնեւում:

Ֆիլիպ Շվաբը ողջունել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Ասոցիացիային անդամակցելու նախաձեռնությունը` փաստելով, որ Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան կարեւոր հարթակ է գլխավոր քարտուղարների միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման համար: Նա ընդգծել է, որ որպես այդ կառույցի նախագահ եւ գործադիր մարմնի անդամ` ինքն ամենայն ուշադրությամբ կանդրադառնա Հայաստանի անդամակցության հայտին:

Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում տարբեր մակարդակներում աշխատանքային շփումները շարունակելու եւ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728