«Կարելի է արձանագրել, որ նախագծի տեսքով ունենք հետևյալ որոշումը՝ լեզվի պետական տեսչությունը կամ վերակազմակերպվում է պետական կոմիտեի, կամ ստեղծվում է պետական կոմիտե»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Պարոն Երիցյանը հուսով է, որ մարտին պետք է որ ստեղծված լինի լեզվի պետական կոմիտեն. «Առնվազն կառավարության որոշումը կլինի, որ կոմիտեի ձևավորումն ընթանա ընթացակարգի համաձայն. երբեմն դա տևում է մեկ-երկու ամիս»:
Սերգո Երիցյանը վստահեցրեց՝ այս ընթացքում հանգիստ չեն նստում. շարունակում են լեզվի պետական տեսչության գործառույթների կիրառումը այնքանով, որքանով դա հնարավոր է. «Այս շրջանում՝ գոնե վեց-յոթ ամիսների ընթացքում ավելի քան 1000 դիտարկում ենք կատարել հրապարակային գրվածքի հետ կապված Հայաստանում և մարզերում: 1000 իրազեկումների մեկ երրորդը որոշակի ժամանակահատված հետո շտկվել է: Այս առումով ունենք արդյունք»:
Սերգո Երիցյանը հայտնեց՝ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարվեն, որ հնարավոր լինի ոչ միայն գործի դնել զուտ տուգանքի կամ պատժելու մեթոդը, այլև զգուշացումները՝ առաջին, երկրորդ զգուշացում, և նոր դրանից հետո գործի դնել մյուս գործիքները:
Հարցին՝ Երևան սիթիներից որևէ մեկը ոչ հայերեն հանրային գրվածքի համար տուգանվե՞լ է, պարոն Երիցյանը հավաստիացրեց՝ այո. «Իհարկե, տուգանվել է. տարեկան 70-75 դատական հայց ենք ունեցել: Տուգանքները իրականացնում է վարչական դատարանը, մենք դիմում ենք վարչական խախտման հետ կապված վարչական դատարանին և այն իրականացնում է վարույթը: Բայց ունենում ենք վարույթներ, որոնք մինչև մեկուկես տարի ձգձգվում են»:
Հստակեցմանը՝ «Երևան սիթին» տուգանք վճարել է, պարոն Երիցյանը ասաց՝ 250 հազար դրամ տուգանք վճարել է, և ըստ օրենքի ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է վճարել և չփոխել խախտումը, իսկ տեսչությունը մեկ տարի իրավունք չունի ստուգումներ իրականացնել այդ սուբյեկտում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ