Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային երթեւեկության նշանները փոխվելու են. Խորհրդային նշաններից ազատվելու ենք

Փետրվար 07,2018 13:45

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն առաջարկում է վերջերս ՊՆ-ի առաջարկով ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել եւ թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել ուսումը օտարերկրյա դպրոցական հաստատություններում, երբ լրանում է զորակոչի տարիքը: Ըստ նրա, օրենքում օտարերկրյա դպրոցներում սովորող մեր երեխաներն անտեսվել են, նրանց մասին խոսք չկա:

Այսօր ԱԺ նիստում Միհրան Պողոսյանն ասաց, որ այդ երեխաների իրավունքները ոտնահարված չեն լինի եւ նրանք չեն խուսափի բանակից. «Սա փոքր բացթողում է եղել, հիմա պետք է վերանայել»:

Ուշագրավ է, որ ԱԺ նիստում որեւէ հարց չհնչեց՝ այս նախագծի հետ կապված, մինչդեռ պատգամավորը չէր հերքել, որ իր տղաներն էլ օտարերկրյա դպրոցում են ուզում սովորել եւ անձնական շահագրգռվածություն կա այս օրենքն ընդունել:

Քննարկվեց նաեւ «Ճանապարհային երթեւեկության նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու հարցը: Կոնվենցիային միանալով՝ Հայաստանը պարտավորվում է ճանապարհային նշանները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, գծանշումները, որոնք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված համակարգին, փոխել: Եղած նշաններում փոփոխությունները պետք է արվեն առաջիկա 4 տարիների ընթացքում, իսկ 15 տարվա ընթացքում պետք է ողջ նշանների համակարգը համապատասխանի ընդունված չափանիշներին:

65 պետություն կոնվենցիային միացել է, Հայաստանը խորհրդային ժամանակներից մնացած նշաններից ու գծանշաններից վերջապես կազատվի եւ կարդիականացնի այն, ինչն ավելի կհեշտացնի երթեւեկությունը: Ադրբեջանը առարկություն է ներկայացրել, որ Հայաստանը միանա այս կոնվենցիային՝ ասելով, թե մեր երկիրը օկուպանտ է:

Պատգամավորները տրանսպորտի փոխնախարար Գագիկ Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե մեր նշանների գույքագրումը ե՞րբ է արվել: Փոխնախարարը պատասխանեց, որ ամեն տարի արվում է, կարելի է ասել՝ նույնիսկ ամենօրյա գործընթաց է:

Նաիրա Զոհրաբյանն էլ բողոքեց, որ ճանապարհներին հաճախ ռուսական հայտնի հեքիաթի նման չգիտեն՝ աջ գնան, ձա՞խ գնան, թե՞ ուղիղ, որովհետեւ որեւէ նշան չկա: Նա ասաց, որ մի քանի ահազանգ-նամակ է ստացել, որ ճանապարհների այն հատվածներում, որտեղ պիտի դրվի շրջանցման նշան, հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող կուսակցության ներկայացուցչներն ունե՞ն բենզալցակայաններ, խանութներ, թե ոչ եւ այդ նպատակահարմարությունից ելնելով են տեղադրում:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը փոխնախարարին հորդորեց համարձակ պատասխանել՝ կա՞ այդպիսի ռիսկ, որ հաշվի առնելով այս կամ այն անձի ազդեցությունը՝ շրջադարձի, ճանապարհային երթեւեկության այլ նշաններ տեղադրվեն ըստ նրա օբյեկտների: Չինովնիկը կարո՞ղ է սուբյեկտիվ որոշել ու մեկին լավություն անել: Գրիգորյանը պատասխանեց, որ նման հնարավորություն չինովնիկը չունի, կանոնակարգերում հստակ գրված է, թե ինչը պետք է ապահոված լինի, որ տեղադրեն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միջամտեց՝ ասելով, որ եթե օրենքի մեջ տեղավորվում է՝ ի՞նչ կապ ունի դա իշխանությա՞ն ներկայացուցչի գազալցակայանն է, ընդդիմությա՞ն, թե՞ քաղաքականությունից հեռու մեկի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728