Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի ժողովուրդը իր հեղափոխության 39-ամյակը տոնում է հակասական մթնոլորտում, խառը մտքերով և չխամրող ակնկալիքներով

Փետրվար 07,2018 13:42

Իրանն այս օրերին տոնում է իսլամական հեղափոխության 39-ամյակը. տասնմեկ փետրվարի 1979 թվականին Իրանի թագավորական վարչակարգը` Փահլավի դինաստիայի գլխավորությամբ կործանվեց և նրան փոխարինելու եկավ հանրապետական համակարգ. շահի կոռումպացված և բռնատիրական վարչակարգը, ժողովրդական զանգվածներից և հատկապես ավանդական նիստուկացի սովոր մասսաներից կտրված իշխանավորները և անձամբ գոռոզ ու ամբարտավան արքան անկարող էին դիմակայել ժողովրդի բողոքի հզոր ալիքին։ Հեղափոխության փաստացի ղեկավար էր դարձել աքսորական Իմամ Խոմեյնին, որն ավելի քան մեկ տարվա այդ ալեկոծ օրերին համառորեն պնդեց, որ միայն շահի հեռանալուց հետո տուն կվերադառնա և վերջապես իր նպատակին հասավ: Հեղափոխության անվիճելի առաջնորդ, խարիզմատիկ և նպատակասլաց Իմամ Խոմեյնին երկարամյա աքսորից հետո երկիր վերադարձավ և տեղում շարունակեց ղեկավարել հեղափոխության հաղթական ընթացքը։

Փահլավի Մոհամեդ Ռեզա շահն արդեն 16 հունվարի 1979 թվականին փախել էր Եգիպտոս․ արքան ԱՄՆ-ի, արևմտյան մյուս երկրների և ներսի համախոհների կամ գուցե իրեն դավաճանողների խայծը կուլ տվեց և արտասվաթոր աչքերով լքեց հայրենիքը. երևի այդ ժամանակ ամենաուրախը Խորհրդային Միությունն էր, որովհետև իր գլխավոր ախոյանի միջնաբերդերից մեկն էր գրավում:
Մեկը փետրվարի 1979 թվականին Իմամ Խոմեյնին Ֆրանսիայից փառահեղ կերպով մուտք գործեց երկիր և Իրանի ժողովուրդն իր միասնական և կուռ շարքերով ընդամենը տաս օրվա ընթացքում առաջնորդի գլխավորությամբ հեղաշրջեց երկիրը. հաղթանակի այդ տաս օրերը հիմա կոչվում են «Արևածագի տասնօրյակ»:

Այդ ընթացքում երկրի զինված ուժերն իրենց հավատարմությունն հայտնեցին հեղափոխության առաջնորդին, իսկ չենթարկվողները կալանվեցին ու գնդակահարվեցին: Հեղափոխության հաղթանակից երկու ամիս հետո անց կացվեց հանրաքվե և ժողովրդի 99.8% տոկոսի ձայնով նոր վարչակարգը կոչվեց Իսլամական Հանրապետություն:

Հեղափոխական այդ մթնոլորտում դեպքերը շատ արագ էին զարգանում, Իրանի քաղաքական էլիտան ծայրահեղ իսլամից մինչև ազգայնական և կոմունիստ փարվել էին հեղափոխության և ընդունում էին Իմամ Խոմեյնիի անվիճելի առաջնորդությունը: Հեղափոխականների միասնական շարքերի առաջին տարաձայնությունը սկսվեց հենց հանրաքվեից, քանի որ մի խումբ ուժեր և կուսակցություններ հանրաքվեի հարցման ձևը համարում էին հակադեմոկրատական. բնական էր, որ հանրաքվեի միակ հարցման, այն է «Թագավորական վարչակարգ եք ուզում թե Իսլամական հանրապետություն», հեղափոխական այդ թոհուբոհի մեջ բոլորը գրելու էին «Այո՛ Իսլամական Հանրապետության»:

Իսլամ ղեկավարներն աստիճանաբար սկսեցին անհանդուրժող կեցվածք դրսևորել: Նրանք նախ չեզոքացրեցին ճարտ. Բազերգանի գլխավորած Ազգային Ճակատին և նրան վարչապետության պաշտոնից հետ կանչեցին, պաշտոնազրկեցին նաև առաջին նախագահ Բանի Սադրին, որը փախավ Ֆրանսիա․ հետո վրա հասան ձախակողմյան ուժերի և երկրի պաշտոնական քաղաքականությանը դեմ արտահայտվող իսլամական տարատեսակ խմբավորումների անդամների կալանավորումը: Իրենց Իմամի հետևորդ կոչող ուսանողները իսլամ ղեկավարների լուռ համաձայնությամբ գրավեցին ԱՄՆ-ի դեսպանության շենքը և պատանդ պահեցին մի խումբ դիվանագետների։ Կանանց իրավունքները սահմանափակվեցին և իրավունքի ոլորտում առաջացավ իսլամական օրենք և պատժամիջոց, որոնք մինչ այդ խորթ էին Իրանի ժողովրդին․ գոնե փահլավիների հիսնամյա իշխանության ժամանակ վերացել էին նման հետամնաց երևույթներ։
Հեղափոխության հաղթանակից քսան ամիս հետո հարևան Իրաքը պատերազմ սկսեց Իրանի դեմ․ պատերազմը տևեց ութ տարի և ավարտվեց արաբական երկրների ու ՄԱԿ-ի միջնորդությամբ: Այս ընթացքում քայքայվեց Իրանի տնտեսությունն ու ամբողջ ենթակառուցվածքները․ զոհվեցին հարյուր հազարավոր իրանցիներ, այդ թվում ավելի քան հարյուր իրանահայ զինվոր ու խաղաղ բնակիչ։ Հետո վրա հասան երկրի վերակառուցման օրերը, մահացավ առաջնորդ Իմամ Խոմեյնին, երրորդ նախագահ Խամենեին դարձավ առաջնորդ, իսկ խորհրդարանի նախագահ Ռաֆսանջանին դարձավ նախագահ։ Իրանը դարձյալ հզորացավ և այս անգամ խորացավ միջուկային գիտության ասպարեզում, նաև օգնության հասավ մուսուլմանական շիայադավան երկրներին կամ համայնքներին․ երևույթներ, որոնք շարունակեցին զայրացնել արևմուտքին և վրա հասան միջազգային նոր սկանդալներ ու պատժամիջոցներ։

Խամենեի-Ռաֆսանջանի երկարամյա տանդեմը աստիճանաբար սկսեց խարխլվել և նրանց միջև ճամբաբաժան առաջացավ․ հինգերորդ նախագահ Խաթամիի շրջանավարտ դառնալուց հետո, բարեփոխական կոչվողների առջև նախագահության դուռը փակվեց և եկավ առաջնորդի սիրելի Ահմադի Նեժադը, որը Ռաֆսանջանի-Խաթամի զույգի առաջարկած «Երկխոսություն քաղաքակրթությունների միջև» թեզիսներին հակադրեց արևմուտքի դեմ սուր ճոճելու քաղաքականությունը։ Իրանի ժողովուրդը ութ տարի տառապելուց հետո հաջողեց մերժել Ահմադի Նեժադյան մտածելակերպը և այս անգամ ընտրեց Մեծ Բրիտանիայում կրթված հոգևորական պրն Ռոհանիին։ Վերջինս Զինված ուժերի գաղափարա-քաղաքական տեղակալի (զամպալիտի), խորհրդարանի պատգամավորի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններից հետո, մասամբ չափավոր դարձած, բարձր հեղինակություն էր վայելում երկրում։ Նա հաջողեց ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամների և Եվրոմիության հետ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններն ավարտին հասցնել, ապասառեցվեցին Իրանին պատկանող բանկային հսկայական միջոցները, պատժամիջոցները դադարեցվեցին և որոշ արևմտյան ընկերություններ Իրանում ներդրումներ կատարեցին։
Իրանի ժողովուրդը իր հեղափոխության 39-ամյակը տոնում է հակասական մթնոլորտում, խառը մտքերով և չխամրող ակնկալիքներով․ նրանք դեռ փնտրտուքի մեջ են և չեն կարողանում ամուր և արդիական պետականություն հիմնելու բանալին գտնել։ Պրն Ռոհանին ընտրապայքար մտավ խորհրդանշական բանալին իր ձեռքում պահած, բայց նրա նախագահության երկրորդ շրջանի առաջին տարվա ավարտին դեռևս շատ դռներ նրա առջև փակ են․ այդ դռները չեն բացվում հիմնականում ազդեցիկ հոգևորականների և բարձրաստիճան ուժայինների պատճառով։ Նախագահը հեղափոխության տոնի այս տասնօրյակի ընթացքում մինչ այժմ երկու անգամ ելույթ է ունեցել և ակնարկելով դեկտեմբեր ամսվա ցույցերին պարզորոշ կերպով ասել է․ «Ժողովրդի ձայնը լսել է պետք, նախկին վարչակարգն էլ ժողովրդի ձայնը չլսեց ․․․»։

Նա երեկ ներկայացրեց իր կառավարության տնտեսական հաջողությունները, արտասահմանյան ներդրումների ծավալը, երիտասարդ կադրերին առաջ տանելու գաղափարը և դարձյալ շեշտեց․ «Մենք պետք է ժողովրդի ձայնը լսենք, նրանք շատ ասելիք ունեն, ժողովրդի ցանկությունը միայն տնտեսական պահանջների դաշտ տեղափոխելը՝ ժողովրդին չլսել է նշանակում․ ժողովուրդը նաև հասարակական, քաղաքական և արտաքին հարաբերությունների հարց է բարձրացնում ․․․»։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728