Այս հոդվածն ի սկզբանե հրապարակվել է irates.am թերթում։
1930-ականներին, երբ սկսվեցին Սևանից ջրի աննախադեպ մեծ ծավալների հարկադրաբար բացթողումներն էներգետիկ և ոռոգման նպատակներով, թերևս շատ քչերն էին պատկերացնում, թե ինչպիսի աղետալի ապագա է սպասվում լճին կարճ ժամանակ անց։ Նախնական ծրագրով լճից պետք է բաց թողնվեր տարեկան մոտ 1 միլիարդ խմ ջուր՝ 6 անգամ կրճատելով լճի հայելու մակերեսը, որի իրականացումը հանգեցնելու էր նրա մակարդակի իջեցմանը 50 մետրով։
1974-ին, երբ Սևանա լճի մակարդակն արդեն իջել էր մոտ 18 մետրով, և այն կորցրել էր իր ջրի նախկին ծավալի (58,6 մլրդ խմ) մոտ 37%-ը, իսկ նրա էկոհամակարգը ենթարկվել էր չափազանց աղետալի և մեծ փոփոխությունների, երկրի ղեկավարությունը ստիպված էր շտապ վերանայել Սևանից բաց թողնվող ջրի ծավալները։
Ատոմային ու ջերմային էլեկտրակայանների, մի շարք ջրամբարների, ինչպես նաև Արփա-Սևան ջրատարի շահագործման արդյունքում լճի մակարդակի անկման չափերը զգալիորեն նվազեցին՝ շնորհիվ նաև բաց թողնվող ջրի ծավալների կրճատման։
Հազիվ էր լիճը սկսել «ուշքի» գալ, երբ հանկարծ, հասկանալի պատճառներով, չորս տարվա (1992-1995թթ.) ընթացքում լճից բաց թողնվեց մոտ 4,5 մլրդ խմ ջուր, իջեցնելով նրա մակարդակը ևս 2 մետրով։
ՀՀ կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ, որոնցից ամենաառաջնահերթ և անհետաձգելի «օգնությունը», բնականաբար, հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մետրով, այն հասցնելով 1903,5 մ բարձրության (հաշվարկային) նիշին՝ ծովի մակերևույթից։ Դա այն նվազագույն նիշն էր, որի դեպքում միայն կարելի էր հուսալ, որ լիճը կարող է գոյատևել, առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման։ Այնպես որ, Սևանա լճի մակարդակի 6 մ-ով բարձրացումը դեռ երաշխիք չէր նրա էկոհամակարգի լրիվ ապաքինմանը, անգամ այն ժամանակ։
Առաջին լուրջ և գործնական քայլն իրագործվեց Վազգեն Սարգսյանի կառավարության օրոք՝ լճից ջրառի տարեկան ծավալի կրճատելով մինչև 120 մլն խմ-ի։
Եվ իրականացավ մեր ժողովրդի երազած հրաշքը։ Բնության բարի կամքով 2002-ից սկսվեց Սևանա լճի «ոսկի դարաշրջանը», նրա փրկության և վերածննդի բաղձալի սկիզբը։
Ջրի «մեծ ծարավից» տասնամյակներ «սմքած», լրջորեն խաթարված, իր գուցե և անբուժելի էկոհամակարգով արդեն իսկ մահվան եզրին հասած, երկար տարիներ «փրկության» սպասած Սևանա լճին «ձեռք մեկնեց» միակ փրկարարը՝ նորին մեծություն բնությունը՝ պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ՝ հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով տարիներ՝ կապված մոլորակի համընդհանուր տաքացման հետ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները լճի ավազանում, և բնության այդ բարի «կամքն» ու «առատաձեռնությունը» շարունակվում են գրեթե մինչ օրս։ Եվ զարմանալի չէ, որ ընդամենը 6 տարում (2002-2007թթ.) գրանցվեց լճի մակարդակի աննախադեպ բարձրացում՝ մոտ 2,5 (2,47) մետրով։
Ոգևորված լճի մակարդակի նման աննախադեպ բարձրացումից, բնականաբար, այդ օրերին հույս էինք տածում, որ ևս 10-12 տարի, և Սևանա լճի մակարդակը մինչև հաշվարկային 1903,5 մ նիշին բարձրացումն իրականություն կդառնա։
Սակայն, ցավոք, հետագայում մարեցին իշխանությունների ուշադրությունն ու հոգածությունը լճի նկատմամբ։ Ընդհակառակը, նրանց լուռ համաձայնությամբ, տարեցտարի աճում էին լճից թույլատրված քանակից ավելի մեծ ծավալներով ջրի անօրեն բացթողումները, որի նպատակն էր՝ մասնակիորեն կանխելու լճի մակարդակի «անցանկալի» արագ բարձրացումը, քանի որ նրա ջրերն արդեն իսկ մոտեցել էին օլիգարխ-իշխանավորների «արքունիքների» ու դղյակների շեմին՝ սպառնալով նրանց հեղեղմամբ։
Սկզբնական շրջանում լճի մակարդակի կասեցումն իշխանություններն արդարացնում էին հազար ու մի անհեթեթ, անտրամաբանական, միմյանց հակասող պատճառաբանություններով, որոնց իսկությունը փոքր-ինչ հավատ չէր ներշնչում հանրությանը։
Իսկ 2012-ից սկսվեցին ամենամյա, շատ մեծ ծավալներով ջրի ինտենսիվ բացթողումներ Սևանա լճից (տես՝ գծագիրը), որոնք անմիջականորեն ուղղված էին փրկելու բարձրաստիճան ղեկավարներին և օլիգարխներին պատկանող, լճի ափամերձ տարածքները լրիվ զբաղեցրած բազմաթիվ թանկարժեք առանձնատները, հանգստյան, հյուրանոցային ու ռեստորանային համալիրները և այլ գերշահութաբեր օբյեկտները։ Հետևապես, Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումն աղետալի վտանգ է հենց իրենց՝ բարձրաստիճան իշխանավորների համար, ովքեր կարող են հաշված օրերի ընթացքում կորցնել ընդամենը գրոշներով զավթած լճափի հսկա տարածքները՝ իրենց թանկարժեք շինություններով ու բիզնեսով։
Եվ նրանք, իրենց նեղ, անձնական շահերից ելնելով, թույլ չեն տալիս լճին օգտվել բնության ընծայած այդ հազվադեպ պարգևից՝ սեղմ ժամկետում վերականգնելու իր կորսված հսկայական ծավալների ջրի գեթ մի մասը՝ լրացնելու ներկայիս լճի սուղ պաշարները, զրկելով մեզ և մեր հետագա սերունդներին աներևակայելի հարստությունից։
Հայտնի է, որ ոչ հեռու ապագայում Սևանա լճի (մակարդակի 1սմ-ին համապատասխանող՝ 13 մլն խմ) քաղցրահամ խմելու ջուրը Մերձավոր Արևելքի սակավաջուր երկրներում կարժենա առնվազն 1 միլիարդ դոլար (1 լիտրը՝ 10 ցենտի հաշվարկով)։ Իհարկե, այն մեծ ներդրումների հետ է կապված, սակայն շատ կարճ ժամկետում էլ կվերադարձվեն այդ ծախսերը։
Այնպես որ, Սևանա լճի նկատմամբ 20-րդ դարում իրագործված նման մեծագույն հանցագործությունը, ինչպես նաև մեր օրերում, ամեն տեսակի անազնիվ ու խարդախ քայլերով նրա մակարդակի աննախադեպ բնական աճի կասեցումը հիրավի սև էջով է գրվելու Սևանա լճի պատմության գրքում։
Այնուամենայնիվ, չենք կարող չբարձրաձայնել, որ Սևանա լճի մակարդակի բնականոն աճի լրիվ կասեցման ծրագիրն իշխանությունները կազմել են վաղուց՝ դեռևս 2006-ին։
Նախ, 2008-ին ոռոգման նպատակով ջրառի ծավալը լճից՝ 120 մլն խմ-ից «աճեց» մինչև 170 մլն խմ-ի, հաճախակի դարձան լճից անթույլատրելի ու ժամկետից ամիս, ամիսուկես շուտ ջրթողումները։ Այնուհետև սկսվեց ջրի պարբերական, լրացուցիչ բացթողումների «շարանը», որի պատճառով կտրուկ կրճատվեց լճի մակարդակի հետագա բարձրացումը։
Այսպես, եթե վերը նշված 6 տարում (2002-2007թթ.) լճի մակարդակը բարձրացել է մոտ 2,5 մետրով, ապա վերջին 6 տարում (2012-2017թթ.) այն բարձրացել է ընդամենը 29 սմ-ով։ Այսինքն՝ գրեթե կասեցված է Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Ընդ որում, 2017-ին նախորդ տարվա համեմատ լճի մակարդակն իջել է 4 սմ-ով, ինչն արդեն 3-րդ բացասական հաշվեկշիռն է վերջին 6 տարում։ Հիշեցնենք, որ մինչև 2012-ը եղել են այնպիսի տարիներ, երբ լճի մակարդակը բարձրացել է 44, 48, 41, 42, 54, 37, 47 սմ-ով։
Նախքան այդ ծրագրին ծանոթանալը, ներկայացնենք Սևանա լճի հետ կապված մի շարք անըմբռնելի, թերևս, հակասական գործընթացների և իրողությունների առկայությունը.
ա) երկար տարիներ է, ինչ շարունակվում է Արփա-Սևան թունելի վերանորոգումը,
բ) տարիներ շարունակ Հայաստանի շատ ջրամբարները կիսատ են լցվում կամ էլ ընդհանրապես չեն լցվում, որոնք կարող էին լրջորեն թեթևացնել Սևանա լճի «բեռը»,
գ) Եղվարդի՝ խորհրդային տարիների արդեն իսկ շատ մեծ ծավալի հողային (հիմնական) աշխատանքները գրեթե ավարտած (220 մլն խմ տարողությամբ) ջրամբարի կառույցն այդպես էլ 1994-ից մնաց կիսավարտ, որը կարող էր զգալիորեն կրճատել Սևանա լճից ջրի բացթողումները,
դ) վերջին տարիներին Արփա-Սևան թունելով ավելի քիչ ջուր է տեղափոխվել Սևանա լիճ, քան 2002-2010 թթ.,
ե) «Որոտան-Արփա» ջրատար թունելի կառույցը, որով նախատեսված էր Սևանա լիճ տեղափոխել Որոտան գետի ջրերի մի մասը, այդպես էլ իր «հանդիսավոր» գործարկման օրվանից (26.04.2004 թ.) մինչ օրս ընդհանրապես չի գործել,
զ) Սևանա լճից սնվող ոռոգման ցանցի ջրանցքներում (պաշտոնական տվյալներով), ջրի ավելի քան 50%-ը կորչում է նրանց «ճեղքվացքներում»։ Այսինքն՝ վերջին 10 տարում լիճը (հաշված լրացուցիչ ջրառը) հենց այնպես կորցրել է առնվազն՝ 1 միլիարդ խմ ջուր (մոտ 80 սմ լճի մակարդակ)։ Եվ եթե, ջրի նման հսկայական կորստից հետո, իշխանությունները չեն վերանորոգում այդ ցանցը (որքան էլ թանկ արժենա), ուրեմն դա ապատեղեկատվություն է, սուտ լուրեր՝ ջրի գողերի կողմից, որի բարձրաձայնումը, գուցե , «ձեռնտու» է իշխանավորներին,
է) ատոմակայանի աշխատանքը պրոֆիլակտիկ նպատակով դադարեցվում է հենց նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչի պատճառով մեկ, մեկուկես ամսով «հարկադրաբար», լրացուցիչ ջուր է բաց թողնվում լճից՝ Սևան-Հրազդան հէկերի կասկադն աշխատացնելու համար,
ը) 01.01.2011-ից համաշխարհային գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանա լճի իրական մակարդակի նիշը (ծովի մակերևույթից) արհեստականորեն ավելացվել է 20 սմ-ով (մեր գծագրում այն արտացոլված չէ), հաշվարկելով այն, որպես լճի մակարդակի բնականոն աճ։ Դա նշանակում է մոտ 260 մլն խմ ջրի ավելացում Սևանի պաշարներին, որն իրականում գոյություն չունի։ Արդյո՞ք սա չի նշանակում է որ եթե այդ 20 սմ-ի փոխարեն Սևանի ավազանն իր ողջ տարածքով, ծովի մակերևույթի համեմատ իջած լիներ 2 մետրով, ապա այսօր կարող էինք արձանագրել, որ Սևանա լճի մակարդակն իրեն շրջապատող տարածքի կամ լճի հատակի նկատմամբ բարձրացել է 2 մետրով, իսկ լճի ջրի պաշարները ավելացել են մոտ 2,6 միլիարդ խմ-ով։ Իհարկե՝ ոչ,
թ) 2009-ին մշակված, «Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցով» (գուցե ներքին օգտագործման համար)՝ լճի մակարդակի տարեկան բարձրացումը, սկսած 2010-ից, չպետք է գերազանցի 20 սմ-ը, մինչև 2031-ը՝ 1903,5 մ նիշին հասնելը։ Դրա նպատակն է, թերևս, ապահովել լճի ափամերձ գոտում վերոհիշյալ օբյեկտների «երկարակեցությունը»։
Արդյո՞ք սրանք պատահական զուգադիպություններ են, այլ ոչ թե կանխավ մտածված, լավ ծրագրված «համալիր միջոցառումներ»՝ մեծ ծավալներով ջրի «հարկադրաբար» բացթողումներ լճից, ոռոգման անվան տակ, դրանով իսկ, լրիվ կասեցնելով լճի մակարդակի հետագա աճը, և միաժամանակ օգտագործելով այդ հսկայական ծավալի ջուրը՝ շատ այլ նպատակների համար։
Եվ այսքանից հետո շատ ցավալի է, որ գյուղերում շատ տնտեսություններ ջրի «կարոտ» են մնում, միայն նրա համար, որ տվյալ պահին գյուղացին վճարունակ չէ, և Սևանի ջրերը բաժին են դառնում օտարին, փոխանակ՝անվճար կամ զեղչված գներով տրվեն անապահով գյուղացուն, հետ պահելով նրան արտագաղթից։
Վերջին 6 տարիներին հաճախակի է դարձել, ոռոգման անվան տակ, թույլատրվածից բացի՝ լրացուցիչ և չգրանցված մեծ քանակի ջրառը լճից (միջին տարեկանը մոտ 300-350 մլն խմ)։ Ինչումն է գաղտնիքը։ Չէ՞ որ ժամանակին, երբ գյուղական համայնքները դեռևս այս աստիճանի չէին դատարկվել, թույլատրված 120 մլն խմ ջուրը ոռոգմանը լրիվ բավարարում էր։
Ջրի այդպիսի մեծ քանակով անթույլատրելի բացթողումների մասին տարիներ շարունակ, մշտապես ահազանգում և զգուշացնում էին երկրի ղեկավարներին, մեր իրազեկ և ակտիվ շատ բնապահպանները, ինչպես նաև Սևանա լճի ճակատագրով մտահոգված շատ քաղաքացիները, ովքեր, միամտորեն, դեռևս չէին հավատում, որ այդ անօրինական քայլը իրագործվում է հենց իշխանությունների թույլտվությամբ, որոնք այդպես էլ թույլ չտվեցին լճից բաց թողնվող ջրի ծավալների չափերի հսկողության աշխատանքներին օրենսդրորեն մասնակից լինեն նաև բնապահպան ՀԿ-ները (Օրհուսի կոնվենցիա)՝ իրենց համատեղ ստուգման արդյունքների մասին իշխանությանը և հանրությանը հրապարակավ հաշվետվություն տալու իրավունքով։
Այս բոլոր անվիճելի և ակնառու փաստերը, դեռևս տարիներ առաջ, հիմք էին տալիս մեզ հանգելու այն միակ եզրակացությանը, որ Սևան-Հրազդան կասկադի օտարման պայմանագրում նշված գործարքի շահութաբերությունն ապահովող անհրաժեշտ ջրի նվազագույն քանակը շատ ավելի մեծ է, քան օրենքով թույլատրված տարեկան բաց թողնվող ջրի քանակը լճից (170 մլն խմ)։
Այդ կապակցությամբ ցանկանում ենք ներկայացնել, գուցե և, մեր հանրությանն անհայտ մի փաստ, որն անմիջական կապ ունի այս խնդրի հետ։
Հայտնի է, որ Սևանա լճից բաց թողնվող ջուրն օգտագործվում է նաև Սևան-Հրազդան կասկադում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Մեզ հայտնի դարձավ նաև, որ «Սևան-Հրազդան-Կասկադ» ՓԲԸ-ն՝ իր 7 հէկերով, 2003-ի հուլիսի 17-ին, որպես սեփականություն փոխանցվել է «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին, որը 2005-ին հրապարակել է տեղեկատվական գրքույկ՝ «ЗАО Международная Энергетическая Корпорация», ռուսերեն և անգլերեն։ Այդ գրքույկի առաջին էջում բառացի գրված է հետևյալը՝ «…ՀՀ-ում կառուցված թունելներով Արփա և Որոտան գետերի հոսքերի մի մասի տեղափոխումը Սևանա լիճ, թույլ է տալիս առանց վնաս հասցնելու Սևանա լճին, իրականացնել տարեկան նվազագույնը 350-440 մլն խմ ծավալի ջրի բացթողումներ լճից՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով»։
Այս տողերից ակնհայտ է դառնում, որ կասկադը 2003-ին ռուսական կողմին փոխանցողները, հավանաբար, երաշխավորել են նրանց վերը նշված նվազագույն քանակությամբ ջրի ծավալների բացթողումներ Սևանից, հակառակ դեպքում այս թվերը չէին հայտնվի Միջազգային էներգետիկ կորպորացիայի պաշտոնական գրքույկում։ Եվ քանի, որ խոստացել են այդ ծավալի ջուր, ապա պարտավոր են «ցանկացած» միջոցներով կատարել իրենց խոստումը: Ցավոք, խոստումը կատարվում է Սևանա լճի սուղ պաշարների հաշվին, քանզի վերը նշած Որոտան գետի ջրերը, այդպես էլ մինչ օրս Սևանա լիճ չեն հասնում։
Այժմ անդրադառնանք վերը նշած, Սևանա լճի մակարդակի բարձրացումը կասեցնող՝ ՀՀ կառավարության ծրագրի բուն, վերջնական նպատակին։
Դեռ 2006-ին պետական բարձր մակարդակով քննարկված բնապահպանության նախարարի առաջարկությունը (ըստ ՀՀ վարչապետի 05.09.2006թ. № 010-5740 հանձնարարականի) Սևանի մակարդակի բարձրացման օրենսդրությամբ ամրագրված առավելագույն չափի փոփոխման վերաբերյալ հարցը, ցավոք, լուծվել է ի վնաս Սևանա լճի։
Դրանով նախատեսվում էր Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումն իրականացնել 3մ+3մ երկու փուլով՝ համապատասխանաբար 15 և 17 տարի իրականացման ժամկետներով։ Միաժամանակ առաջարկվել է վերոհիշյալ «գործընթացը սկսել միայն Սևանա լճի մակարդակի բարձրացման 1-ին փուլով նախատեսված 1900 մ նիշին հասնելուց հետո, կատարելով խորը, շարունակական և լայնածավալ ուսումնասիրություններ՝ միաժամանակ հասարակության ծանուցմամբ, ինչպես նաև նրա լայն խավերի մասնակցությամբ»։ Իրականում այն չի ծանուցվել։
Արդյո՞ք սա նախօրոք խոր մտածված, հատուկ ծրագիր չէ լճի մակարդակը1900 մ նիշի վրա վերջնականապես «սառեցնելու» նպատակով։ Անկասկած։ Դա է վկայում, որ այս վերջին 6 տարիներին լճի մակարդակը գրեթե կանգնած (դոփում) է հենց այդ՝ 1900 մ նիշի սահմաններում։ Հակառակ պարագայում Սևանա լճի մակարդակն այսօր առնվազն 1-1,2 մ-ով բարձր կլիներ ներկայիս մակարդակից։
Ահա, թե ինչ հեռահար նպատակով է «ծրագրվել» Սևանա լճի մակարդակի բարձրացման երկփուլ տարբերակը։ Կասկածից վեր է, որ վերոհիշյալ 1-ին և 2-րդ փուլերի միջև, այս 6 տարիների լճի նույն մակարդակով «ընդմիջումը» կշարունակվի երկար տարիներ, քանի դեռ նրա ափամերձ հսկայական տարածքները բռնազավթված են նույն իշխանական վերնախավի, նույն օլիգարխ-պաշտոնյաների կողմից՝ թույլ չտալով Սևանա լճի մակարդակի բնականոն աճը։
Եթե վերջին 6 տարիների լճի մակարդակի բնականոն աճի լրիվ կասեցումը հետագայում էլ նույն տեմպով ու միտումով շարունակվի՝ ամբողջովին անավարտ թողնելով դեռ ծանր հիվանդ վիճակում գտնվող Սևանա լճի էկոհամակարգի ապաքինման գործընթացը, ապա դրանով իսկ առաջին հերթին խաթարվելու են Սևանի, նրա ջրահավաք ավազանի էկոլոգիական հաշվեկշռի վերականգնման շարունակական միջոցառումների համալիր ծրագրերը, որոնց մշակման աշխատանքներին տարիներ շարունակ մասնակցել են ՀՀ ԳԱԱ մի շարք գիտահետազոտական ինստիտուտների համապատասխան կառույցների բազմաթիվ առաջատար մասնագետներ։
Հետևապես, Սևանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատևման երաշխիքը եղել և այսօր էլ մնում է նրա մակարդակի շարունակական և անշեղ բարձրացումը, առանց զարտուղի և դավադիր ուղիներով նրա մակարդակի բնականոն աճի կասեցման, զրկելով նրան բնության ընծայած պարգևից, մի խումբ ապազգային, ազգադավ, անհայրենիք, սակայն իշխանական հզոր լծակներ «զավթած» օլիգարխ-իշխանավորների կողմից։ Սա է մեր ողջ ժողովրդի հրամայական պահանջը երկրի իշխանություններից։
Նշենք, որ լճի ափամերձ համայնքների բնակիչների հավաստի տեղեկություններով, 2017-ին լճից սահմանված 270 մլն խմ-ից շատ ավելի մեծ ծավալով ջուր է հոսել Սևան-Հրազդան կասկադով։ Սակայն, հիդրոմետի տվյալներով, լճից (մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 15-ը) բաց է թողնվել 266,757 մլն խմ ջուր, ինչի արդյունքում լճի մակարդակը տարվա իր ամենաբարձր՝ 1900,91 մ նիշից իջել է 35 սմ-ով։
Մինչդեռ փորձագիտական հաշվարկների համաձայն՝ Սևանա լճից ջուրը պակասել է 455 մլն խմ-ով, (ըստ ՀՀ կառավարության հիդրոմելիորատիվ համակարգի գլխավոր մասնագետի հավաստման, տես՝ www.ecolur.org «Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի» 19.09.2017թ.):
Անհերքելի փաստ է, որ լիճը երբեք իր բնական, բացարձակ առավելագույն մակարդակին չի հասնում, քանզի ոռոգման սեզոնին սկսված ջրառն ինքնին «զսպում», մասնակիորեն կասեցնում է ջրի մակարդակի հետագա իրական բարձրացումն առնվազն 5սմ-ով (65 մլն խմ ջուր), կախված ջրառի սկսման օրվանից։ Ջրի այդ քանակը գործնականորեն ենթակա չէ չափման, սակայն այն մշտապես առկա է ոռոգման սեզոնին (տես՝ «2002-2013թթ.Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատումը», www.armecofront.net)։
Ստացվում է, որ 2017-ին լճից բաց է թողնվել, ոչ թե 455, այլ մոտ 520 մլն խմ ծավալի ջուր։ Սակայն, հաշվի առնելով ջրթողման ողջ ընթացքում (մոտ 4 ամիս) ջրի գոլորշիացման ծավալը լճից, և ընդունելով այն ոչ պակաս 80-100 մլն խմ-ից, կարելի է պնդել, որ 2017-ին Սևանա լճից բաց է թողնվել մոտ 430 մլն խմ ծավալի ջուր, և, ցավոք, կա միտում այն հետագայում էլ ավելի մեծացնելու։
Այդ են հուշում ՀՀ կառավարությունում շրջանառվող անհեթեթ ակնարկներն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել Սևանա լճում «հավելյալ» կուտակված 1 միլիարդ խմ ջրի «ռեզերվը»։ Ի՞նչ «հավելյալ» «ռեզերվի» մասին է խոսքը, երբ վերջին 6 տարում լճի մակարդակի բարձրացումը փաստացի, գրեթե կասեցված է։
Ցավ է, որ որոշ չար ու խավար ուժերի կողմից օտարված, այսօր լրիվ անպաշտպան և հեշտ խոցելի Սևանա լճի դեմ վաղուց սկսված «խաչակրաց արշավանքը» դեռևս շարունակվում է։ Եվ, չի բացառվում, որ վաղը տեղեկանանք ևս մեկ ծրագրի գոյության մասին, այս անգամ արդեն` Սևանա լճի մակարդակի հետագա իջեցման վերաբերյալ։
Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ,
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Հ.Գ.-Հուսանք, որ մեր երկրի հաջորդ կառավարիչներն իրենց էությամբ կլինեն փոքր ինչ բնասեր և «հանդուրժող» կգտնվեն Սևանա լճի նկատմամբ ու երբևէ կանխամտածված չեն կասեցնի նրա մակարդակի բնականոն աճը մինչև լճի էկոհավասարակշռության լրիվ և վերջնական վերականգնումը երաշխավորող ջրի (լճի) անհրաժեշտ նվազագույն մակարդակը։ Միայն այդ դեպքում կարող ենք համոզված լինել, որ Սևանա լիճը կփրկվի անդառնալի կորստից։