Ադրբեջանում այս տարի սպասվելիք նախագահական ընտրություններն արտահերթ կարգով անցկացնելու Իլհամ Ալիեւի որոշման մասին Aravot.am-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանի հետ.
-Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են Ալիեւի՝ նախագահական ընտրությունները հոկտեմբերի 17-ի փոխարեն ապրիլի 11-ին անցկացնելու մասին հրամանագրի ներքին քաղաքական դրդապատճառները:
-Ադրբեջանի նախագահը նման որոշում կայացնելու համար ունի և ներքին, և արտաքին դրդապատճառներ։ Որքան էլ Ադրբեջանում ընդդիմությունը լինի ճնշված ու թույլ, այնուամենայնիվ, այն առկա է։ Հանրության մի ստվար զանգված, որն այսօր ներգրավված չէ ներքաղաքական կյանքում, կարող է վաղը փողոց դուրս գալ և համալրել ընդդիմության շարքերը։ Հենց սրանից է, որ վախենում է Բաքվի վարչակարգն ու փորձում է ապահովագրվել հնարավոր սրացումներից։ Այս որոշմամբ Ալիևը փաստացի անակնկալի բերեց բոլորին՝ և ընդդիմությանը, և երկրի բնակչությանը, և միջազգային հանրությանը։
Իլհամ Ալիևն ընտրությունների կգնա միայնակ՝ առանց լուրջ մրցակիցների, որն էլ իր գլխավոր նպատակն էր։ Նա ցանկանում է 4-րդ անգամ բարձր տոկոսներով նախագահ ընտրվել։ Ադրբեջանում օրեցօր սրանում է սոցիալական վիճակը։ Սոցիալական խնդիրների սրացման ժամանակ հասարակությունը սկսում է մտածել ու խոսել նաև այլ խնդիրների մասին։ Այս պարագայում ամենազգայուն թեմաներից մեկը Արցախյան հակամարտությունն է։ Տարիներ շարունակ Ալիևների ընտանիքը սին խոստումներ է տվել հասարակությանը՝ դրանով էլ ավելի բարդացնելով հակամարտության կարգավորումը։ Եվ այսօր այդ նույն խոստումները գլխացավանքի են վերածվում իշխանության համար։
-Ի՞նչ կշահի Ալիեւը միջազգային խաղացողներից, եթե նախագահական ընտրությունները ժամանակից շուտ տեղի ունենան:
-Իլհամ Ալիևը միջազգային հանրությանն անակնկալի բերելով՝ փորձում է խուսափել հավանական ճնշումներից։ Արևմուտքում, ինչպես նաև Ռուսաստանում, Ադրբեջանի նախագահական ընտրությունները փորձում են օգտագործել որպես որոշակի դիվիդենտներ ստանալու միջոց։ Արևմուտքը փորձում է Ադրբեջանում հաստատել ժողովրդավարություն ու ապահովել մարդու հիմնարար իրավունքները, իսկ Կրեմլի ցանկությունը տարածաշրջանում իր ազդեցությունը խորացնելն ու Բաքվին կախվածության մեջ պահելն է։ Իսկ Իլհամ Ալիևը սիրում է գործել անկաշկանդ և այս քայլով փաստացի զգալիորեն կսահմանափակվեն և Արևմուտքի, և Մոսկվայի հնարավորությունները։
-Ըստ ձեզ՝ Ալիեւի նման քայլը որքանո՞վ կարող է պայմանավորված լինել հայաստանյան սպասվելիք ներքաղաքական զարգացումներից «հետ չմնալու» ձգտումով:
-Նման որոշում կայացնելու պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ Իլհամ Ալիևը նպատակ ունի լուծել ներքաղաքական խնդիրներն ու անցնել ավելի ակտիվ արտաքին քաղաքականության։ Այս դեպքում խոսքը կարող է գնալ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի մասին։ Կարծում եմ՝ Ալիևը մինչև հոկտեմբեր սպասելը ընկալում է որպես ժամանակի կորուստ և Հայաստանի հետ համատեղ քայլելով փորձում է արագացնել բանակցային գործընթացը։
-Ո՞վ է Ադրբեջանի այն ընդդիմադիր գործիչը, որը մինչեւ հոկտեմբեր ունակ կլիներ միավորել ընդդիմությանը եւ իշխանությունների դեմ ինչ-ինչ գործողություններ նախաձեռնել:
-Նախագահական ընտրություններում գործող նախագահի ամենալուրջ մրցակիցը կարող էր լինել Իլգար Մամեդովը։ Սակայն վերջինս 2013 թվականից բանտարկված է և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունի։ Մայիսին Ադրբեջանում սպասվում է համաներում, և Մամեդովը կարող է ազատ արձակվել այդ համաներմամբ։ Եվրոպան և ԱՄՆ-ն տևական ժամանակ է՝ ճնշում են գործադրում Բաքվի իշխանության վրա, որպեսզի ազատ արձակվի քաղբանտարկյալ ընդդիմադիր գործիչը։ Իսկ ադրբեջանական իշխանությունը դեռևս դիմադրում է այդ ճնշումներին, սակայն պարզ է, որ ճնշումներն ավելի են ուժեղանալու՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ։ Ազատ արձակվելու պարագայում Մամեդովը աշնանը մասնակցելու է հերթական նախագահական ընտրություններին։ Իսկ ադրբեջանական իշխող վարչակարգը նման զարգացումներ չի ցանկանում։ Այդ իսկ պատճառով ընտրության է գնում առանց լուրջ խոչընդոտների։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ