Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայ աստղ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կրկին Երեւանում է: Վերջին շրջանում Վիկ Դարչինյանի անունը պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում գրեթե չի հոլովվում: «Կատաղի ցուլը» մարզիկի կարիերան ավարտելու եզրին է: Սակայն վերջերս նա կրկին ռինգ մտավ ու հաղթեց նոկաուտով:
Aravot.am-ի վաղեմի բարեկամը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչն էր նրան ստիպել շուրջ մեկ տարի տված դադարից հետո կրկին ռինգ մտնել:
«Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերաս, ըստ էության, ավարտել էի անցած տարվա սկզբին, բայց այդ մասին չէի հայտարարել: Այդ ընթացքում չեմպիոնական գոտի ունեցող ռուսաստանցի Եվգենի Գրադովիչի թիմից մենամարտ կազմակերպելու առաջարկ ստացա: Նրանց տեղեկացրի, որ գործնականորեն ավարտել եմ կարիերաս, բայց 20 օրում կպատասխանեմ: Այդ ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու համար մի փորձնական մենամարտ անցկացրի թաիլանդցի բռնցքամարտիկի հետ եւ շատ արագ հաղթեցի նոկաուտով: Թույլ բռնցքամարտիկ չէր, ուներ ե´ւ հաղթանակներ, ե´ւ պարտություններ: Զգացի, որ պատրաստ եմ եւ Գրադովիչի թիմին տեղեկացրի, որ կարող են օր նշանակել: Նախնական ժամկետ սահմանեցինք սեպտեմբերի սկիզբը:
Խնդրեցին այդ մենամարտիս տեսագրությունն ուղարկել: Բայց դիտելուց հետո որոշեցին հետ վերցնել իրենց առաջարկը: Գուցե մտածում էին՝ տարիքով եմ, չեմ կարողանա պայքարել: Կարծում եմ, տեսագրությունը դիտելուց հետո հասկացան, որ միայն հաղթանակի համար եմ մենամարտելու եւ վախեցան գոտին կորցնել: Ես վաղուց էի ցանկանում նրա հետ մենամարտել, եւ գոտու համար պայքարելու հնարավորությունն ինձ ստիպեց կրկին ռինգ մտնել: Հիմա էլ, եթե նա ցանկանա, կհամաձայնեմ:
Պատրաստ եմ մենամարտել միայն գոտու համար: Մինչեւ այս տարվա կեսը կսպասեմ եւ եթե լավ առաջարկ չեղավ, բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»,- ասաց Վիկ Դարչինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ