Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է աշխատել թռիչքների աշխարհագրության մեծացման ու բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ. Կարեն Կարապետյան

Փետրվար 07,2018 13:07

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները:

Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից ներդրվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում 9 հազար 5 հարյուր մետրից բարձր ժամը 00:00-ից մինչև 06:00-ն «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը: «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության ցանցային կառավարչի հետ քննարկվել են հայեցակարգի ներդրման խնդիրները և տրվել են համապատասխան լուծումներ: Համաձայն փաստաթղթի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչն, ըստ Ավետիսյանի, կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը:

Պարզեցվել և արդիականացվել է տեղական և օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը․ կրճատվել են նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և թույլտվությունների տրամադրման ժամկետները, ինչպես նաև ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը: Վարչությունն ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման և ընթացակարգերի պարզեցման նպատակով նախաձեռնել է հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրում: Համակարգի ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ արդեն իսկ մեկնարկել են հայտերի ներկայացման առցանց համակարգի ծրագրային ապահովման մշակման աշխատանքները: «Զվարթնոց» օդանավակայանում նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն:

«Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ տեղերը և ինչ պետք է շտկենք, որպեսզի կարողանանք ուղևորահոսքն էլ ավելի մեծացնել: Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը և դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխարհագրությունը, ավիաչվերթներն ավելի հաջողակ են լինելու և այլն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ համարել փոքր ավիացիայի զարգացումը և հատկապես կարևորել դեպի Մեղրի ավիաչվերթների գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը:

Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություններ են իրականացվել թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու և կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, վարչությունն աշխատում է մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երևանը որպես տրանզիտային ուղղություն զարգացնելուն միտված քայլերը և տվել հստակ հանձնարարականներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հստակ ձևակերպել ավիաչվերթների ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկերությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728