Լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Լիբանանահայ երգչուհի, սոպրանո Շողիկ Թորոսյանի արվեստին հայաստանցի հանդիսատեսը ծանոթ է 2014թ.-ից, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացվող «Իմ Հայաստան», «Հայ երգի օրը», հետագայում՝ «Երգում ենք Կոմիտաս» եւ այլ միջոցառումներից: Հայրենիքում երգչուհու առաջին մենահամերգը կայացավ 2016թ., Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Դավթյան) ընկերակցությամբ: Այդ ժամանակ արտասահմանցի երաժիշտների կողմից հաճախ հնչող «հայ հանդիսատեսը խստապահանջ է» արտահայտությունը չշրջանցեց նաեւ մեր հայրենակցուհուն: Հանդիսատեսի շրջանում, ինչպես նաեւ որոշ մասնագետներ, ելնելով ժողգործիքների նվագակցությամբ սոպրանոյի ներկայացրած Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունների, ինչպես նաեւ Անուշի եւ Կարինեի արիաների կատարումներից, ողջունելով ժողգործիքների ընկերակցությունը, այնուամենայնիվ, կարծում էին, որ ցանկալի է սոպրանոն ելույթ ունենա սիմֆոնիկ նվագախմբի հետ, նույնիսկ նրան տեսնում էին Ազգային օպերային թատրոնում՝ Անուշի դերերգում: Այդ ցանկությունը կիսով չափ կատարվեց. վերջերս հանդիպեցինք հայտագրի, որը հրավիրում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 7-ին կայանալիք Շողիկ Թորոսյանի մենահամերգին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ծրագրում նշված են Կոմիտասից մինչեւ Այվազյան, Շուբերտից, Մոցարտից, Պուչինիից մինչեւ Գունո եւ այլ հեղինակներ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգչուհուց հետաքրքրվեցինք, թե խիտ գրաֆիկով ստեղծագործող իսկապես հաճախ աշխարհահռչակ երաժիշտների հետ համագործակցող նվագախումբը կամ նրա գեղարվեստական ղեկավարը՝ Սերգեյ Սմբատյանը, ինչպե՞ս «անդրադարձան» իրեն: «Երեւանյան առաջին մենահամերգից ամիսներ անց, աշնանը կրկին այցելեցի Հայաստան, առիթ եղավ հանդիպելու մաեստրո Սմբատյանի հետ, եւ համագործակցության առաջարկ ստացա: Իսկ հրավերը եղավ 2017-ին»,- ասաց սոպրանոն: Հետո էլ նշեց, թե տպավորված է սիմֆոնիկի հետ առաջին իսկ փորձից: Երգչուհու խոսքերով՝ «Հիացած եմ նվագախմբի տնօրինության թե կազմակերպական եւ թե պրոֆեսիոնալ որակներով»:
Անդրադառնալով իր երկացանկին, սոպրանոն հայտնեց, թե համաշխարհային օպերային գրականության նմուշներից բացի, իրեն հոգեհարազատ են հայկական ռոմանսները, հայ կոմպոզիտորների օպերաները, նշեց, որ կայանալիք համերգին առաջին անգամ կկատարի Էդուարդ Գյանջումյանի՝ Աշոտ Բագրատունու խոսքերով, լիբանանահայ Սեպուհ Հովակիմյանի մշակմամբ «Երազը»: Առանձնացրեց 2017թ. սեպտեմբերին Կանադայում Հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցու հովանավորությամբ Կանադայի թեմի առաջնորդ սրբազան Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի նախաձեռնությամբ կայացած դասական երաժշտության երեկոն, որտեղ հնչեցրել է Կոմիտասից մինչեւ հոգեւոր երաժշտություն ու հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ: Հպարտորեն հավելեց նաեւ, թե առանձնակի ոգեւորությամբ է դասավանդում Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում:
Դեռեւս խորհրդային շրջանից մինչեւ այսօր հայաստանցի շատ արվեստագետներ են մեկնում Լիբանան աշխատանքային այցով, նույնիսկ զրույցներից մեկի ժամանակ անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանն ասաց, թե Լիբանանը Սփյուռքի այն գաղթօջախն է, որտեղ մշտապես պատշաճ մակարդակի վրա է եղել հայկական արվեստն ու մշակույթը: Ափսոս, որ 70-ականների քաղաքացիական պատերազմը իր հետքերը թողեց նաեւ այդ բնագավառում: Մեր զրուցակիցը հաստատելով ասվածը, ավելացրեց, թե իսկապես Լիբանանում ժամանակին դասական ժանրը՝ լինի թատերարվեստ, թե երաժշտարվեստ, բարձր մակարդակի վրա էր: «Պատերազմն էր պատճառը, որ մտավորական խավը գաղթեց: Եթե կարճ ձեւակերպեմ խոսքս, ապա վերջին շրջանում դասական արվեստը վերագտնում է իրեն,- ասաց Շողիկ Թորոսյանը եւ ժպտալով հավելեց,- ես առանց հուսահատվելու մնացել եմ իմ ծննդավայրում, հարազատ իմ ժանրին եւ շուրջ տասը տարի է, ինչ «վարժեցնում» եմ երիտասարդությանը՝ լինի ուսանող, թե հանդիսատես»: Նշեց նաեւ, թե երաժշտարվեստի գծով բարձրակարգ ուսումն ապահովվել է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսական կազմի շնորհիվ: Ինչ վերաբերում է թատերարվեստին, գործում են ոչ թե մեկ, այլ մի քանի թատերախմբեր, այդ թվում՝ Համազգայինի «Իբեկյան» թատերախումբը, գործում է «Արեգ» մանկական թատերական ստուդիան եւ այլն:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ արվեստագետի համար կարեւոր, նույնիսկ անհրաժեշտ հարցին՝ մենեջերի առկայությանը: Այս առիթով սոպրանոյի պատասխանը հակիրճ էր. «Իմ մենեջերը երաժշտասեր բիզնեսմեն ամուսինս է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
07.02.2018