Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Սելինա Դողանը Ստամբուլում «Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Թուրքիայի, ներքաղաքական ներկա իրավիճակի, հայ համայնքում տրամադրությունների, թուրքական մեջլիսում հայ եւ կին պատգամավորի իր փորձառության մանրամասներն ու Հայաստան սպասվող այցի մասին։
– Տիկին Դողան, Թուրքիայում ներքաղաքական այսօրվա պայմաններում ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ։ Առանձին դեպքեր կա՞ն, որոնք ցույց են տալիս, որ վերջին շրջանում ազգայնական տրամադրություններն ընդգծվել են եւ իշխող կուսակցության կոալիցիոն միակ գործընկերը հենց ազգայնականներն են։
– Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին։ Մենք խաղաքարտի պես մի բան ենք Էրդողանի գրպանում, որն օգտագործում է, երբ կարիք ունի եւ ինչպես մտքով անցնում է։ Մենք այստեղ գերու պես ենք, եւ ովքեր չեն կարողանում դիմակայել, հեռանում են Թուրքիայից։ Հայերն այստեղ թվաքանակով արդեն չափազանց քիչ են՝ որեւէ ազդեցություն ունենալու համար։ Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը եւ կոալիցիոն գործընկեր ազգայնականները պատրաստվում են հանուն քվեների ընդգծել ազգայնական դիսկուրսը։ Թիրախում քրիստոնյա փոքրամասնությունները կլինեն։
– 2015-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դուք երկու այլ հայերի հետ ընտրվեցիք մեջլիսի պատգամավոր։ Կապ համայնքի հետ, խորհրդարանական առօրյա, ի՞նչ է կատարվել այս ընթացքում։
– Հանկարծ եւ միանգամից երեք հայ պատգամավոր՝ Թուրքիայի խորհրդարանում։ Մեզ համար, համայնքի համար անսովոր էր։ Ոչ ոք նույնիսկ չգիտեր՝ ինչ է դա նշանակում՝ պատգամավոր ունենալ, պատգամավորի հետ կապ ունենալ, աշխատել։ Մենք էլ չգիտեինք իրականում ինչ ենք անելու, որտեղի՞ց իմանայինք։ Դա մեզնից փոքր-ինչ ժամանակ տարավ, հետո քայլ առ քայլ սկսվեցին միասին գործերը։ Հիմա արդեն նորմալ գործընթաց է։ Ճիշտ է՝ հայ պատգամավորները փորձում են համայնքի խնդիրները բարձրացնել, սակայն հիմա այն իրավիճակը չէ, որ իրականում որեւէ գործնական, շահեկան փոփոխություն լինի։ Հայերը դուրս են Թուրքիայի ներքաղաքական օրակարգից՝ հաշվի առնելով ընդհանուր առավել մասշտաբային խնդիրները։
Ես էլ ժամանակի ընթացքում ծանոթացա իշխող կուսակցության պատգամավորների հետ, կապեր հաստատեցի։ Իրար ճանաչեցինք, հիմա եմ հասկանում, թե ինչքան կարեւոր է սա. նույնիսկ խորհրդարանի աշխատակիցների հետ կապերը։ Կան մարդիկ, որ երբեք հայ չեն տեսել, կարծում էին՝ մենք երկու քիթ, չորս աչք ունենք։ Երբ ճանաչում են, ընկալումներ, վերաբերմունք է փոխվում ամբողջ համայնքի նկատմամբ։ Եղել է նույնիսկ իրավիճակ, երբ մոտեցել են ինձ եւ շշուկով ասել՝ գիտես, տատիկս հայ էր, պապիկս հայ էր։ Սրանք չափազանց կարեւոր փոփոխություններ են, եւ այս աշխատանքը նույնքան կարեւոր փորձառություն է ինձ համար, կարեւոր օրինակ Թուրքիայում ապրող երիտասարդ հայերի համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում