Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելուց եւ ինքնակամ հանձնվելուց հետո հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտնեց, որ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված է եղել բանկոմատ, որտեղից հափշտակվել է 14 միլիոն 808 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, բանկոմատից հափշտակված գումարի մյուս մասը՝ 14 միլիոն 508 հազարը, հայտնաբերվե՞ց, թե՞ ոչ։ Այս հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին. «Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ կազմակերպված խմբի անդամները ՊՊԾ գնդի բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն։ Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան եւ այժմ դատաքննության փուլում է»։
Ինչեւէ։ «Ժողովուրդ» օրաթերթին հափշտակված գումարի ճակատագրից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես այն, որ վարկածներից մեկով՝ բանկոմատից հափշտակված գումարի մյուս մասը խմբի անդամներն այրել են։ Ի դեպ, քննության փուլում, երբ իրավապահները չեն կարողացել գտնել գումարը, հենց այս վարկածն են առաջ քաշել։
Այսինքն՝ գումարը բանկոմատից հանելուց հետո, երբ «Ծռերը» հասկացել են, որ ստիպված են իրավապահներին հանձնվել, թեկուզ եւ վնաս տալու համար՝ փողը գնդի տարածքում այրել են. ո՛չ ինձ, ո՛չ քեզ սկզբունքով։
Վարկած 2՝ միգուցե գումարը ՊՊԾ գնդի տարածքում հողի մեջ են պահել կամ, ասենք, պատի քարերի մեջ, որեւէ հարմար տեղում, եւ իրավապահները չեն կարողացել մինչ օրս գտնել այն։
Վարկած 3՝ գումարը փաթաթել են քարի վրա եւ այն ՊՊԾ գնդի տարածքից դուրս են շպրտել, այդ դեպքում ո՞ւմ է հասել գումարը։
Վարկած 4՝ գուցե իրավապահները գտել ու իրե՞նք են «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» արել։
Վարկած 5՝ այդ գումարը բանկոմատում չի էլ եղել։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում