Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նույնիսկ կատակներ եղան, թե ոնց որ պարաշյուտիստ լինի». Արամ Մանուկյանի արձանի նախագծի հաստատման գործընթացից մանրամասներ

Փետրվար 07,2018 12:43

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը զարմացած է ՝ ինչպե՞ս կարող է մրցույթի երկրորդ փուլում ընտրվել մի աշխատանք, որը ներկայացված չի եղել առաջին փուլում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Արամ Մանուկյանի արձանի նախագծի հաստատման գործընթացին, Անուշ Տեր-Մինասյանը նշեց. «Առաջին փուլում, երբ քննարկում էինք ներկայացված աշխատանքները, երեքն անցան երկրորդ փուլ: Բայց Դավիթ Մինասյանի աշխատանքն առաջին փուլում ընդհանրապես չկար: Թվում էր՝ երկրորդ փուլում երեք աշխատանքները պետք է լինեին, բայց առաջարկվեցին նոր աշխատանքներ, դրանց մեջ էր նաև Դավիթի աշխատանքը: Այդ աշխատանքները բերեցին ձևի համար, իսկույն երևաց, որ կանխորոշված է՝ պետք է անցնի Դավիթի աշխատանքը: Ես ասացի, եթե նոր մրցույթ ենք հայտարարել, նորմալ կլիներ նոր աշխատանքներ ներկայացնելը, ասացին՝ ոչ. սա երկրորդ փուլն է»:

Տիկին Տեր-Մինասյանը հայտնեց, որ առաջին փուլի մասնակիցները երկար ամիսներ աշխատել էին, ներկայացրել դիմաքանդակ, մինչդեռ Դավիթ Մինասյանը նման պահանջներ չէր կատարել:

Ըստ տիկին Մինասյանի՝ Դավիթն ունի իր ստեղծագործական ուրույն ձեռագիրը՝ հեգնական քանդակ: Այնուհետև մանրամասնեց. «Հիշեք ավելով մարդը քանդակը, որը տեղադրված է Դրամատիկական թատրոնի մոտ, մյուս գործերը. բոլորում կա հեգնանք: Սակայն սա Արամ Մանուկյանի՝ առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի հուշարձանն է, որը չի կարող լինել հեգնական : Դա անտեղի հեգնանք էր: Ըստ իս՝ շատ անհաջող տարբերակ էր»:

Անուշ Տեր- Մինասյանը տեղեկացրեց, որ այդպես էլ հանձնաժողովի նիստում չի որոշվել՝ որն է լավագույն տարբերակը. «Ոչինչ չորոշվեց մի քանի անգամ ասվեց, որ սա երկրորդ, ոչ թե առաջին մրցանակն է, առաջին ոչ մեկի չենք շնորհվում: Ուստի տարօրինակ է, որ ներկայացվել է հանրությանը իբրև հաղթած տարբերակ: Երևի քանի որ ավագանու համապատասխան հանձնաժողովը քվեարկել է մեծամասնությամբ, այն անցել է, ուստի որոշել են դա կառուցել: Բայց հանձնաժողովում մի քանի անգամ ասվեց, որ սա առաջին մրցանակ չէ: Հաղթած չորսն էլ խրախուսական մրցանակ ստացան»:

Տիկին Տեր-Մինասյանը հայտարարեց, որ ինքը քվեարկել է Սամվել Ղազարյանի աշխատանքի համար, որը գաղափարական լավ լուծում ուներ: Բայց հանձնաժողովի անդամների մեծամասնությունը քվեարկել է Դավիթ Մինասյանի աշխատանքի օգտին: Տիկին Մինասյանը պատմեց. «Մերկ արքայի պատմություն է, երբ հագին շոր չկա, բայց բոլորը մեկը մյուսի հետևից կրկնում էին, թե շատ լավն է զգեստը: Ոչ մեկը չառարկեց, բոլորն իրար հետևից պնդեցին, թե լավն է Դավիթի աշխատանքը»:

Դառնալով ՀՀ դրոշի օգտագործմանը՝ տիկին Տեր-Մինասյանն ասաց. «Հանձնաժողովին ներկայացված տարբերակում դրոշը կար, բայց այլ կերպ էր օգտագործված՝ ոնց որ շալակած տաներ, նույնիսկ կատակներ եղան, թե ոնց որ պարաշյուտիստ լինի: Հետո դրոշը փաթաթեց վրան,երկուսն էլ անընդունելի տարբերակներ են»:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն այս իրարանցումը բնական է համարում և մեր երկրի բարոյական վիճակին հարիր. «Նույն սաքուլիկային քաղաքականությունը նաև մշակույթի մեջ է: Հիշեք՝ ինչպես են պաշտպանում թեզերը, ընդհանրապես ինչ-որ հարց լուծվում: Հետամնաց, անսեր և բարոյազուրկ միջավայրում ենք ապրում»:

Դառնալով Արամ Մանուկյանի հուշարձանին՝ տիկին Թուխիկյանն ասաց՝ հեղինակներին չի ճանաչում, բայց անկախ անուններից՝ այն փաստը, որ կարող է հանկարծ ինչ-որ մեկի, մի խումբ շահագրգիռ անձանց կամքով աղճատել բարոյականությունը, ներդաշնակ է մեր իրականությանը: Նարինե Թուխիկյանը կասկածներ ունի, որ այստեղ միանշանակ կա կոռուպցիա:

Արձագանքելով այն մտահոգություններին, թե հուշարձանն անարգում է ՀՀ դրոշը, տիկին Թուխիկյանը վրդովվեց. «Մենք հարգանք չունենք պետական խորհրդանիշների նկատմամբ: Եթե ոստիկանները կարող են ՀՀ դրոշը վերցնել ու շպրտել գետնին, ապա ինչո՞ւ չի կարելի դրոշն այսպես էլ ներկայացնել, հետևաբար ինչո՞ւ չի կարելի աղճատել ամեն ինչ: Եթե մի ոլորտում դա արվում է, ապա մյուս ոլորտում էլ է դա կարելի»:

Նարինե Թուխիկյանը նաև մտահոգություն հայտնեց՝ ամեն բան կեղծիք վրա է հիմնված՝ կեղծ հայրենասիրության դասեր են տալիս անգամ ԱԺ ամբիոնից: Տիկին Թուխիկյանն այս համատեքստում մտահոգություն հայտնեց՝ Արամ Մանուկյանի տունը, որտեղ իր կյանքի վերջին շրջանն է նա անցկացրել, փլվում, քանդվում է. «Գիտեմ մասնավոր սեփականություն է: Բայց եթե պատկան մարմինները վաճառել են, ապա պիտի պայմաններ ու պարտավորություններ դնեն սեփականատերի վրա: Այն վանդալիզմը, որ տեսնում ենք Արամի փողոցում՝ ի դեմս այս շենքի ու 100-ամյակի մասին բոցաշունչ ելույթները, ակնհայտ է դառնում, որ կեղծ բան կա այս ամեն ինչում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728