Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. «Ի տարբերություն Սահակաշվիլու գրքի, Հիտլերի Mein Kampf-ը Հայաստանում չի կարող խնդիր ունենալ»

Փետրվար 07,2018 12:36

Aravot.am-ը Միխայիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» թարգմանիչ Միքայել Նահապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Արմեն Մարտիրոսյանը գրել էր, թե նրան հրավիրել է իրենց գրախանութում անցկացնել գրքի շնորհանդեսը, սակայն արձագանք չի ստացել: Նաեւ նշել էր, որ դա պետությանը «պադստավկա» է եւ ինքը թույլ չի տա ցեխ շպրտել իր երկրի վրա:

«Անձամբ Արմեն Մարտիրոսյանից առաջարկ չեմ ստացել, գոնե թե այնպիսի առաջարկ, որը ես տեսած կլինեմ, չեմ հիշում, չի եղել: Եթե խոսքը գնում է «Հայգիրք» գրախանութի մասին, ապա «Հայգիրք» գրախանութի լիազոր, իրավասու աշխատակցի կողմից ստացել եմ առաջարկ…Ես իրենց չեմ դիմել, բայց ամեն դեպքում նրանց կողմից առաջարկ եղել է ինչը ողջունելի է»,-ասաց Միքայել Նահապետյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Գրախանութի աշխատակցի կողմից առաջարկ է եղել շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելու, ասում էր, որ տնօրենի հետ կխորհրդակցի, դրանից հետո պատասխանել են, որ իրենց մոտ հնարավոր է դա իրականացնել, հրապարակայինի մասով ասեմ, որ Արմեն Մարտիրոսյանի կողմից որեւէ բան չեմ տեսել, ու հրապարակային Արմեն Մարտիրոսյանին ես չեմ դիմել, ոչ էլ իմ կողմից լիազորություն ստացած որեւէ մեկը չի դիմել իրեն: Ինչո՞ւ եմ մերժել առաջարկը եւ ինչու իրենց մոտ չէ շնորհանդեսը…

Խնդիրը բազմասպեկտոր է, առաջին սպեկտորն այն է, որ կամա թե ակամա միջոցառումով հետաքրքրվածների թիվը մեծ է, իսկ գրախանութի տարածքը փոքր: Երկրորդ պատճառն այն է, որ եթե խոսքը գնում է «Հայգիրք» գրախանութի աշխատակցի կողմից ինձ արված առաջարկի մասին, նշեմ, որ աշխատակիցն իր խոսքում նշում էր, որ խնդիրն այնքան լուրջ չէ, ինչպես ներկայացվում է:

Ես բազմաթիվ փորձեր ունեցել եմ համագործակցելու ու ինձ համար պարզել եմ խնդրի լրջությունը: Եվ եթե մարդը նշում է, որ իրենց կարծիքով խնդիրն այդքան լուրջ չէ, ինչպես ներկայացվում է, բնականաբար, մտավախություն ունեմ, որ մարդիկ խնդրի լրջությունը չեն պատկերացնում ու ես նորից կարող եմ գալ-կանգնել նույն կետի վրա, որում եղել եմ:

Ինձ համար առաջին միջադեպից հետո բոլոր բանակցություններում այդ հարցն անպայման քննարկվել է՝ իսկ ի՞նչ կլինի, եթե լինեն ճնշումներ, ու ինձ համար կարեւոր է եղել, որ մարդիկ պատկերացնեն նաեւ այդ տարբերակը, այդ հեռանկարը: Սա երկրորդ պատճառն է:

Երրորդ պատճառն էլ այն է, որ ես արդեն մեկ այլ մարդու առաջարկ ընդունել եմ: Հիմա եթե այդ երեք պատճառների բերումով իրենց առաջարկը չընդունելը Արմեն Մարտիրոսյանի համար վիրավորական է եղել, ես ներողություն եմ խնդրում եւ շնորհակալություն եմ հայտնում այդ առաջարկներն անելու համար»:

Գրքի թարգմանչից հետաքրքրվեցինք` իր կարծիքով ինչո՞ւ է «Ուժերի զարթոնքը» խոչընդոտների հանդիպում, երբ հայաստանյան գրախանութներում ազատորեն վաճառվում են, ավելի «վտանգավոր» բովանդակությամբ գրքեր, ինչպես ասենք, Հիտլերի «Իմ պայքարը»:

«Խնդիրն այստեղ միանշանակ չէ՝ տվյալ ճնշումները կենտրոնացված բնույթ ունե՞ն, թե՞ ինչ-որ լավ կապեր ու լծակներ ունեցող մարդկանց անձնական ամբիցիաներն, որ կարողանում են իրենց լծակների միջոցով ազդեցություն ունենալ: Սա էական հանգամանք է եղել: Երկու դեպքում էլ բացասական է երեւույթը: Եթե նույնիսկ կենտրոնացված չէ, պետության տեսանկյունից նայելիս, դա շատ բացասական երեւույթ է: Այն տարբերակով, եթե կենտրոնացված չէ, ապա դա մարդկանց ամբիցիաների հարց է, ապա ես չգիտեմ, թե ինչու չեն ուզում: Դա կարող է լինել, թե քաղաքական ժեստերի, թե անձնական վիրավորվածության հարց եւ այլն, եւ այլն…

Ինչ վերաբերում է մնացած գրքերին, ապա բովանդակության տարածման հետ կապված, եթե մարդիկ ուզում են կարդալ, ես խնդիր չեմ տեսնում: Ի վերջո, եթե մի բան հանրության համար մերժելի լինի, ամենայն հավանականությամբ հանրությունը չի հետաքրքրվի դրանով: Կոնկրետ, թե ինչո՞ւ չի արգելվել Հիտլերի Mein Kampf-ը, որ ռազմական նացիզմ է, ֆաշիստական գաղափարախոսություն, որի հիմքում մեկ ազգն ու այդ ազգը բանակի վերածելու մասին բովանդակությունը, չեմ կարծում, թե ի տարբերություն, «Ուժերի զարթոնքի». Հայաստանում խնդիրներ պետք է ունենար:

Արմեն Մարտիրոսյանի գրառման մնացած մասին չեմ ուզում արձագանքել, որովհետեւ մարդու անձնական վերաբերմունքն է իմ անձի նկատմամբ, ընդ որում վիրավորական երանգներով: Եթե պատասխանելու լինեմ, կպատասխանեմ զուտ անձին, բնավ ոչ վիրավորական իմաստով եւ չեմ կարծում, թե զուտ անձնական տեսակետները պարզաբանելը պետք է մամուլի միջոցով արվի»,- հայտնեց Միքայել Նահապետյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Տղա ջան, մի քիչ վրադ աշխատի էլի: Մի բան ես անում ու մարդու քթով բերում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728