Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանի նախագիծն ու Բագրատյանի յուրովի մեկնաբանությունը

Փետրվար 07,2018 12:28

Խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի նախագիծը՝ «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին:

Այս նախագծով առաջարկվում է, որ ինչպես Քրեական դատավարության եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում է կարգավորվում, Վարչական դատարանում էլ լրագրողները կարողանան լուսանկարել եւ տեսանկարահանում իրականացնել կողմերի համաձայնությամբ, գործը քննող դատավորի թույլտվությամբ:

Ներկայիս կարգավորումներով, Վարչական դատարանում մի կողմը քաղաքացին է, մյուս կողմը պետական մարմինը, փաստացի ստեղծվում է մի իրավիճակ, որ լրագրողը պիտի անպայման ունենա կողմերից մեկի միջնորդությունը, ոչ թե համաձայնությունը, ինքը պիտի գնա, խնդրի այս կամ այն կողմին, ինչը խախտում է լրագրողի անկախությունը, անաչառությունը:

Երկրորդ ուշագրավ փոփոխությունն այն է, որ Վարչական դատարանում եթե վարչական մարմինը չի տալիս իր համաձայնությունը տեսա կամ լուսանկարահանմանը, նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել, թե ինչու համաձայն չէ:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ վարչական մարմինը պարզապես չի կարող ասել՝ «Ես մի փոքր նյարդային վիճակում եմ, տրամադրությունս լավ չի, անձնական կյանքիս վերաբերող հարց է այստեղ եւ ուզում եմ լուսանկարահանում կամ տեսանկարահանում չլինի, չեմ ուզում ինձ դեմքի այս արտահայտությամբ տեսնեն: Վարչական մարմինն այդ փաստարկները չի կարող սկզբունքորեն օգտագործել, հետեւաբար պետք է լրացուցիչ բեռ ստանձնի եւ հիմնավորի»:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս նախաձեռնության ազդակները եկել են լրագրողական համայնքից: Այնուամենայնիվ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե գործող կարգավորումները շատ ավելի օբյեկտիվ են, քան այն, ինչ առաջարկում է Հովհաննիսյանը. «Ձեր առաջարկի հիմքում դրված է այն հանգամանքը, որ վարչական մարմինը շատ պարզ բացատրություններով կարող է իր համաձայնությունը չտալ եւ տեսանկարահանում չիրականացվի: Նախկին կարգավորումներով հրապարակայնությունը, անաչառությունը առավել պաշտպանված էր: Եթե դու հիմնավորում եք այն պատճառաբանությամբ, որ կողմնակալություն կդիտվի, տեսանկարահանումը կամ լուսանկարելը դատական նիստի որեւէ կողմնակալություն չի կարող ենթադրել: Այդ գործընթացը անաչառ գործընթաց է: Դուք փորձում եք սրանով հրապարակայնության իրավունքը խախտել»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ սկզբունքային անհամաձայնություն ունի Բագրատյանի հետ եւ մեկնաբանության հետ առհասարակ համաձայն չէ: Տեսանկարահանումը եւ լուսանկարահանումը անկողմնակալ գործընթաց է, բայց կողմերից մեկին դիմելը՝ ոչ: Կարող է կասկած առաջանալ, թե, օրինակ, ինչու է լրագրողը վարչական մարմնին դիմել՝ միջնորդություն ներկայացնելու, որ ինքը լուսանկարի կամ տեսանկարահանի. «Կարծում եմ, պիտի լինի երկու կողմերի համաձայնությունը, ամբողջ միջազգային պրակտիկան եւ ՀՀ-ում գործող իրավակարգավորումները այս տրամաբանության մեջ են, միակ բացառությունը Վարչական դատավարության օրենսգիրքն էր»: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն պատգամավորներից չէ, ովքեր փոփոխություն են ներկայացնում ձեւական՝ զուտ փոփոխություն ներկայացնելու համար, ազդակը եւ մտահոգությունը լրագրողներից է գալիս:

Սերգեյ Բագրատյանը հարցը տեղափոխեց այլ հարթություն եւ Արփինե Հովհաննիսյանին սկսեց մեղադրել նրանում, որ ինչպես կառավարության նիստերն են որոշել դռնփակ անել, որոշել են դատական նիստերն էլ դռնփակ անել ու խախտել մարդու իրավունքները: Ըստ նրա, գործող օրենքը լավն է եւ կարիք չկա միջամտել:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ եթե Բագրատյանը գտնում է, թե գործող օրենքն ավելի լավն է, թող դեմ քվեարկի իր նախագծին:

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը բացատրեց, թե նախագիծն ինչի մասին է եւ իր փաստաբանական պրակտիկայից օրինակներ բերեց, թե ինչպես էին գործող կարգավորումներով միջնորդություն խնդրող լրագրողին ասում՝ «սրանց կողմից ա, ես դեմ եմ տեսանկարահանմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728