Հայաստանում տարիներ ձգվող ճանապարհաշինությունը, որն ուղեկցվում է պարբերաբար ընթացող կառուցապատումներով ու հավերժական ասֆալտապատումներով, հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, նաեւ թանկ է նստում հանրության նյարդերի ու առողջության վրա՝ պատճառելով մի շարք անհարմարություններ: Ոլորտի պատասխանատու նախկին պաշտոնյաներից մեկը մի առիթով զրույցի ժամանակ ոտքը գետնին խփելով՝ ասաց. «Ահա թե որտեղ են թաղված պետբյուջեից հատկացված ու դրսից ստացված միլիարդները՝ խիճ ու ասֆալտի տակ»:
Ճանապարհաշինությունը, որոշ գնահատականներով, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող ոլորտներից է, որտեղ իրականացվող ֆինանսական եւ տարատեսակ այլ զեղծարարություններին, չարաշահումներին մամուլը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Տարիներ ձգվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը, որն ավարտին հասցնելու ժամկետն անհայտ է, եւ այն պատասխանատու գերատեսչությունում են անգամ դժվարանում հայտնել, թերեւս վառ օրինակն է ներդրումային մի ծրագրի, թե ինչպես կարելի է ահռելի միջոցներ ու ժամանակ վատնել, սակայն չունենալ սահմանված ժամկետում ամբողջ ծավալով շահագործման հանձնված որակյալ ճանապարհ: Եվ սա այն դեպքում, երբ այդ ճանապարհի կառուցումը մատուցվում է որպես մեր երկրի տնտեսական զարգացումը երաշխավորող ծրագրերից մեկը, «կյանքի ճանապարհ»` ինչպես ասում են:
Ճանապարհների ֆինանսավորման նպատակով հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը բարձրացնելու համար ՀՀ կառավարությունը մտադիր է հերթական փաստաթուղթն ընդունել՝ «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին», որն ուղղված է լինելու նաեւ 2018-2023թթ․ ճանապարհային ոլորտի զարգացմանը (նախագիծը ներկայացված է հանրային քննարկման): Ռազմավարության հիմնական նպատակը, ընդհանուր գնահատականներով՝ նվազագույն առկա ծախսումներով (ՀՀ պետական բյուջեից եւ արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումներով) ճանապարհների բարելավման առավելագույն արդյունք արձանագրելն է: Այդ նպատակով, ինչպես նշված է նախագծում, անհրաժեշտ է նախ գնահատել ճանապարհային ցանցի առկա իրավիճակը, վերջին տարիների զարգացման միտումները եւ ներդրումների ծավալները:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում