Կառավարության ներկայացրած «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն ասաց, որ Խորհրդային Հայաստանի շրջանների բաժանումը վերադառնում է այս օրենքով: Նաիրա Զոհրաբյանն էլ Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին առաջարկեց նախագիծը չդնել քվեարկության, քանի որ այն լի է հակասություններով. «Դուք փորձում եք համայնքներում ստեղծել ՀՀԿ-ական մոնոպոլիա եւ ձեր սիրած կայուն մեծամասնությունը տեղափոխել համայնքներ»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համայնքներից էլ դժգոհություններ է ստացել, որ համայնքները այս օրենքը կործանում է, առանց այդ էլ խոշորացումից հետո չեն կարողանում կայունանալ:
Նա առաջարկեց տեղական հանրաքվե անել ու իմանալ համայնքների բնակչության կարծիքը այս նախագծի մասին, որ ընդունել, հակառակ դեպքում ՀՀԿ-ականի մի կոճակով որոշումներ կլինեն. «Սա կործանելու է համայնքները, ունեցեք քաղաքական խիզախություն ձեր կառավարությանն ասելու, որ հետ տարեք այս նախագիծը: Եթե դրվեց, «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է դեմ»:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ պատգամավորները մոլորության մեջ են, միջհամայնքային միավորումները չեն կարող դիտվել՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգ: Դրանք ընդամենը կարող են նպաստել համայնքների խոշորացմանը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ, որ մի քանի համայնքներ ընդհանուր շահեր ունենան ու բանեցնեն:
Իսկ Վաչե Տերտերյանն էլ անդրադառնալով Մանե Թանդիլյանի ելույթին, ասաց, որ կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, ի դեմս ավագանու եւ համայնքի ղեկավարների, առաջ էլ էր մտահոգիչ, որեւէ կտրուկ նվազում չկա. «Իհարկե, պակասել են, բայց կտրուկության մասին խոսք լինել չի կարող: Եթե մի քանի տասնյակի մեջ մի հնգյակ պակասել է, ավելի ճիշտ կլինի ասել, որ մի քանի տասնյակը մեզ չեն բավարարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ