Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը հակադրվում է արդարադատության նախարարության տեսակետին

Փետրվար 07,2018 12:10

ՀՀ արդարադատության նախարարությունը (այսուհետ՝Նախարարություն) «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացված հայտարարությունների (այսուհետ՝ Հայտարարություն) առնչությամբ պարզաբանում էր ներկայացրել:

Նշված պարզաբանման կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1.Նախարարությունը՝ ԱԺառաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետի մասով,գտել է, որ ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը:

Հարկ ենք համարում հակադրվել այս տեսակետին, հետևյալպատճառաբանությամբ.

Հայտարարության մեջ նշվել էր ԳՐԱՎՈՐ առաջարկներ ներկայացնելու ընթացակարգի մասին, որը կարգավորվում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Գրավոր առաջարկներ ներկայացնելու ընթացակարգը սահմանված է նաև նույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 70-րդ հոդվածի 1-ին մասով:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածը պարտադրում է առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնել աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ:

Նախարարությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել ԳՐԱՎՈՐ առաջարկ և հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկ ներկայացնելը փորձել է հիմնավորել ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կարծում ենք, որ ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը իրավունք չի վերապահում Նախարարությանը երկրորդ ընթերցումից առաջ հանձնաժողովում քննարկման ժամանակ ներկայացնել լրիվ նոր իրավակարգավորումների, այդ թվում՝ երկու նոր օրենքների նախագծերի առաջարկ:

Հատկանշական է, որ առանց ԳՐԱՎՈՐ առաջարկ ներկայացնելու ընթացակարգի կիրառման, հնարավոր չի լինի պահպանվել (կարծում ենք, որ պահպանված չէ) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը … .

2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

….

6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

Նախարարության կողմից առաջարկվող նախագծերում փոփոխությունների մասով հանրային քննարկում չի կազմակերպվել:

2.Նախարարությունը՝Ազգայինժողովի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու մասով, գտել է, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի՝ օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այսինքն, նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու դրույթները հավասարապես վերաբերվում են ինչպես նախագծին, այնպես էլ՝ նախագծերի փաթեթին, և նախագծերի փաթեթի հեղինակը կարող է առաջարկել փաթեթից հանել որևէ նախագիծ, լրամշակել փաթեթում առկա նախագիծը կամ փաթեթը լրամշակել նոր նախագծով»: Նախարարությունն այս տրամաբանությունը պաշտպանելու նպատակով հղում է կատարել ՀՀ Ազգային ժողովի 2016թ. Դեկտեմբերի 16-ի որոշմամբ հաստատված աշխատակարգին:

Հարկ ենք համարում հակադրվել այս տեսակետին, հետևյալ պատճառաբանությամբ.

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նախարարության կողմից վկայակոչված ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ …Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Հետևաբար, օրենքների նախագծերի փաթեթը նույնպես պետք է Ազգային ժողովում քննարկվի ԵՐԿՈՒ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ:

Նախագծի փաթեթում ընդգրկվել են նաև լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Լրացուցիչ նախագծեր):

Լրացուցիչ նախագծերը, եթե ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեն Նախագծի փաթեթի երկրորդ ընթերցման արդյունքում, ապա կստացվի, որ Լրացուցիչ նախագծերը Ազգային ժողովում քննարկվել և ընդունվել են ՄԵԿ ընթերցմամբ, ինչն ուղղակիորեն հակասում է սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջին:

Հատկանշական է, որ Կառավարության կողմից տրամադրած տեղեկանքում, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության կողմից տրամադրված տեղեկանքում նշվել է, որ օրենքների նախագծերի փաթեթին (Նախագիծ + 8 օրենքների նախագծեր) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի որոշմամբ ընդունված աշխատակարգին, ապա այդ աշխատակարգը չի կարող հակասել սահմանադրական օրենքին, իսկ այդպիսի հակասությունն անխուսափելի է, եթե աշխատակարգով թույլատրված է նախագիծն ընդունել մեկ ընթերցմամբ:

3Նախարարությունն ընդհանրապես չի անդրադարձել Նախագծի՝ տուգանքի սահմանման անհրաժեշտության բացակայության փաստարկին:

Ընդհանուր առմամբ, խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու Նախարարության մոտեցումը: Այնինչ, օրենսդրական նախաձեռնության հեղինակը պետք է Ազգային ժողով ներկայացներ նախագծի ընդունման հիմնավորումը, որտե ղնշվում են առկա խնդիրները, առաջարկվող կարգավորումները և ակնկալվող արդյունքները:

Առնվազն սույն իրավադրույթի վկայաբերումը ցույց է տալիս, որ օրենքի նախագիծ ներկայացնելիս օրենսդրական նախաձեռնության հեղինակը պարտավոր է նշել նախագծի իրավադրույթների բնույթի և բովանդակության հիմնավորումները: Մինչդեռ, քննարկվող փոփոխությունների պարագայում իրավասու մարմնի կողմից դա չի արվել՝ ստեղծելով իրավական կազուս և պատճառ դառնալով փաստաբանական համայնքի սոցիալ-իրավական բնույթի ընդվզման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:

2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ:

2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:

Ամփոփելով վերոգրյալը հույս ենք հայտնում, որ Նախարարությունը կվերանայի իր մոտեցումը այս հարցի առնչությամբ, իսկ Ազգային ժողովը չի ընդունի Նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728