2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ, քանի որ ամբաստանյալների թե պայմանագրային, եւ թե հանրային պաշտպանները չէին ներկայացել:
Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ մեկօրյա գործադուլ են անում՝ այդ կերպ դժգոհելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում փաստաբանների հանդեպ դատական տուգանքի վերաբերյալ դրույթների դեմ:
Նիստերի դահլիճում միայն ամբաստանյալներն էին, նրանց ուղեկցող ոստիկաններն ու երկու դատախազները: Դատավոր Մեսրոպ Մակյանը փաստաբանների բոյկոտին գնահատականներ չտվեց, միայն նշեց՝ մամուլի միջոցով տեղյակ է, որ «ինչ-որ խնդրի պատճառով» փաստաբանները որոշել են գործադուլի դիմել:
Ի դեպ, նրանցից միայն Արա Ղարագյոզյանն էլ գրավոր ծանուցում ուղարկել, որ գործադուլի է մասնակցում, մյուս փաստաբաններից գրություններ չկային: Ըստ այդմ, նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:
Տեղեկացնենք, որ «Սասնա ծռերի»՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող գործն այսուհետեւ քննվելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ համայնքի նստավայրում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ