Իհարկե, արդար չի լինի բոլոր մեղքերի մեջ «Ելք»-ին մեղադրելը: Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ հենց ընդդիմությունը մի բան է ձեռնարկում, ժողովուրդը փախչում, կանգնում է իշխանությունների կողքին: Նորմալ երկրներում, սովորաբար, հակառակ երեւույթն է նկատվում: Մարդիկ ախ են քաշում, որ ընդդիմությունը մի բան ասի` լցվեն փողոց, բողոքեն, հարայ գցեն: Այս տեսանկյունից «Ելքի» մեծագույն ներդրումը պետք է համարել աշխարհին մեր անտարբեր կեցվածքի եւ իներտության ցուցադրումը:
Ժողովուրդ ջան, ամոթ է, երբ ձեզ հրավիրում են թանկացումների դեմ պայքարի, իսկ դուք վազում, խմբվում եք իշխանության, որ նույնն է` թանկացնողի շուրջը: Միշտ մտածում եք` փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը: Այնքան եք այդպես մտածել, որ կողքից նայողը կասի` սրանք հոգեբանական խնդիր ունեն: Բա մեզ սազո՞ւմ է: Ի՞նչ է պատահել, չե՞ք վստահում ընդդիմությանը… Քշեք հրապարակից, եղբայր, նրանց տեղը ուրիշը բերեք, վերջապես ձեր ընդդիմությունը ձեւավորեք, որին կվստահեք: Այլապես սա ի՞նչ է, ոչ մեկին չի՞ հետաքրքրում, թե իր աշխատավարձն ինչու չի բարձրացել, երբ իշխանությունները հայտարարում են համարյա երկնիշ աճի մասին: Բա չհասկանա՞նք, թե ինչպես է ստացվում, որ ամեն ինչ թանկանում է, աշխատավարձերն ու եկամուտները մնում են նույնը, բայց մեր կենսամակարդակը բարձրանում է: Սա, ախր, աննորմալ բան է, որ ՀՀ իշխանություններից բացի, բոլորին կհասցնի հոգեբուժարան: Ասում են` թանկացումները կամայական չեն, ունեն իրենց հիմնավոր պատճառները: Հասկացանք, այն էլ հասկացանք, որ կարագը թանկացել է, որովհետեւ համեղ է, եւ ի՞նչ: Ասում են եւ այն, որ քո կենսամակարդակը բարձրացել է, որովհետեւ նախկին եկամուտներիդ պահպանման պայմաններում թանկ կարագ ես ուտում: Այ քեզ հաջողություն…
Տեսաք, չէ՞, ուր հասա: Այսպես կարելի է վատամարդ էլ դառնալ իշխանությունների առաջ, երբ դարձյալ բոլորը վազեն իշխանությունների մոտ, ու ես մնամ մենակ`իմ այս դատողություններով: Ես, ճիշտն ասած, արդեն չգիտեմ, թե ինչ կարելի է անել, որ մեր հասարակությունը մի քիչ էլ իր մասին սկսի մտածել:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում