«Քանի որ իրենց երեւակայությունն առանձնապես շռայլ չէ, ես կարծում եմ, կարող եմ ենթադրել, որ իրենք կդիմեն այդ հնարքին, ինչը քանիցս այս տարիների ընթացքում օգտագործել են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով փետրվարի 16-ին, թանկացումների վերաբերյալ ընդդիմության կողմից հրավիրվելիք խորհրդարանի արտահերթ նիստին: Չի բացառվում, որ իշխող ՀՀԿ-ն պարզապես տապալի նիստը`բոյկոտելով այն:
Եթե ՀՀԿ-ն օգտվի այդ «պրիմիտիվ տրյուկից եւ փախնի նիստից», ապա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, կվկայի մեկ բան`իրենք լուրջ հակափաստարկներ չունեն:
Aravot.am-ի հարցին`ի՞նչ կանեն այդ դեպքում ընդդիմադիր ուժերը: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց`համատեղ գործողությունների մշակված ծրագիր չունեն, բայց «Ծառուկյան» դաշինքը կշարունակի իր օրենսդրական նախաձեռնություններով «խեղդել» կառավարությանը, որպեսզի իրենց իսկ գրած տնտեսական աճի արդյունքն անդրադառնա մարդկանց վրա`աշխատավարձեր, կենսաթոշակներ բարձրանան, գործազրկությունն ու աղքատությունը նվազեն: Այլապես, Նաիրա Զոհրաբյանը եզրակացնում է. «6,6 տոկոս տնտեսական աճը գրվել է շատ հարգարժան Ստեփան Մնացականյանի կաբինետում, թղթի վրա: Ի՞նչ թղթի վրա`չեմ կարող ասել»:
Aravot.am-ը հետաքրքրվեց`հավանակա՞ն է, որ «Ծառուկյան» դաշինքն էլ փողոց դուրս գա`գնաճի դեմ պայքարելու: «Մենք տեսանք, որ փետրվարի 5-ին, երբ քաղաքացիների մի ստվար զանգված, ստացել էր աշխատավարձը եւ տեսել էր, որ եկամտահարկի բարձրացման պատճառով այն նվազել է, դա չդարձավ ազդակ, որպեսզի նրանց մեծ հատված դուրս գա փողոց: Եթե մենք իմանանք, որ երթերով եւ միտինգներով նման հարցեր լուծվում են, կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, թե ի՞նչ մասշտաբի երթեր եւ հավաքներ կարող է կազմակերպել «Ծառուկյան» դաշինքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ