ԱԺ նախագահը որոշել է, որ փետրվարի 6-ի գումարված ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ նախագծեր, բայց դրանցից մեկը առավել քան ուշագրավ է: Խոսքը վերաբերում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծին: Հանրային խորհուրդը գրեթե 10 տարի է գոյություն ունի, բայց դա միայն իրավական առումով, որովհետև, իրականում, այդ խորհուրդը ոչ միայն գոյության որևէ նշան ցույց չի տալիս, այլ վերակենդանացնելու որևէ հույս չկա: Եթե անգամ մի քանի օրենք ընդունվի:
Երբ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում ստեղծվում էր Հանրային խորհուրդը, բոլորին թվում էր, որ այն կարող է այլընտրանք լինել խորհրդարանին: Տեսակետ կար, որ եթե Հայաստանի քաղաքական համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս հանրային հեղինակություն վայելող գործիչներին մտնել խորհրդարան, որ խորհրդարանի տեղերը հիմնականում գնվում են փողով, ապա Հանրային խորհրդում կլինեն խորհրդարանից դուրս մնացած հանրային հեղինակությունները, և նրանց կողմից ընդունված որոշումները այնքան ազդեցիկ կլինեն, որ երկրի նախագահը, դրանց ընթացք տալով, կբարձրացնի խորհրդի հեղինակությունը: Սկզբնական շրջանում Հանրային խորհուրդը իսկապես համալրվեց հանրության կողմից ճանաչված գործիչներով, իսկ խորհրդի նախագահի պաշտոնում առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի ընտրությունը ազդակ էր, որ այս մարմինը կարող է լինել այլընտրանք հանրային տրամադրություններից կտրված խորհրդարանին: Բայց Հանրային խորհրդի գործունեության առաջին մեկ տարին ցույց տվեց, որ որևէ մեկը չի պատրաստվում լուրջ ընդունել Հանրային խորհուրդը և նրա ընդունած որոշումները ընդհանրապես: Խորհրդին ու նրա անդամներին հասկացրեցին, որ իրենց գոյության բուն իմաստը հավաքվել ու ինքնանպատակ վիճելն է, որևէ պարտավորություն չառաջացնող որոշումներ կայացնելը. որ այդ որոշումները ոչ մի արժեք չունեն, և առաջին հերթին՝ նախագահի համար: Դրանից հետո խորհուրդը ըստ էության դադարեց գոյություն ունենալուց:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում