Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ վճիռներով կպատժվեն բոլոր դատավորները՝ առաջին ատյանից մինչեւ Վճռաբեկ. Դատական օրենսգիրքն ընդունվեց

Փետրվար 07,2018 10:57

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեցին երեկ քննարկված օրենքները, այդ թվում՝ «Դատական օրենսգրքի» նախագիծը, որը սահմանադրական օրենք է:

Մինչ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այս նախագծի հետ կապված իրենց խմբակցության տարբեր անդամներ տարբեր դիրքորոշումներ են ունեցել, բայց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նախագծում փոփոխությունները դրական են համարում, ուստի իրենք որոշել են քվեարկել ազատ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ այս օրենքով դատավորների ներքին անկախությունն ապահովված չէ, դատավորն իր արդարադատական գործառույթի համար պատասխանատվության ենթարկվել չի կարող եւ դատական ակտը ստուգման առարկա կարող է դառնալ բացառությամբ վերաքննության կարգով: Եթե տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում, եվրոպական դատարանը հայտնաբերել է խախտում, ապա պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր դատավորները՝ առաջին ատյանից մինչեւ Վճռաբեկ դատարան: Այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ արդարադատության նախարարը, որը կազմակերպել է ՄԻԵԴ-ում այդ ակտերի պաշտպանությունը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը»:

Նա ասաց, որ միջազգային փաստաթղթերում այլ կարգավորում է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այս օրենսգրքից փաստաբաններին 100 հազար դրամով տուգանքը դեռ մնացել է, խոստացան, որ այն կհանեն, բայց չեն հանում, տեղափոխում են Դատավարական օրենսգիրք՝ մի շարք խախտումներով:

Նա ասաց, որ «Դատական օրենսգրքում» դրական կողմեր կան, բայց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում իրենք տասնյակ առաջարկներ են արել, որոնք մերժվել են. «Այսինքն, սահմանադրական օրենքն ընդունում են առանց կոնսենսուսի, առանց ընդդիմության հետ քննարկելու եւ սրանք ապագայում լուրջ պրոբլեմ են առաջացնելու»:

Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728