Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ներկայում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրական չի համարում. «Նախընտրական շրջանում Թրամփի հետ աշխատանք չկատարվեց, հայկական համայնքն էլ այդ հարցով չհետաքրքրվեց: Հիմնական խաղացողի՝ Հիլարի Քլինթոնի հետ փորձեցին կապեր հաստատել: Առհասարակ, շատ քիչ հավանական եմ համարում, որ Թրամփն առնչվի Հայոց ցեղասպանության թեմայի հետ»:
Սուրեն Մանուկյանը հիշատակում է 2015թ. ապրիլի 24-ին ամերիկահայերի կազմակերպած բազմամարդ երթերը եւ ընդգծում, որ դրանց արդյունքները, ցավոք, չամրագրվեցին. «Կարծում եմ՝ հայկական համայնքների առաջնորդները կարող էին այդ ներուժն օգտագործել եւ ժամանակին քաղաքական մակարդակում խոստումներ ստանալ ԱՄՆ նախագահի թեկնածուներից: Բայց այդ ցույցերի արդյունքները քաղաքականապես չամրագրվեցին: Ասածս համարձակ է հնչում, բայց ամերիկահայ համայնքը քաղաքական ճգնաժամ է ապրում»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
06.02.2018