Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական անձնակազմը պահանջում է աշխատավարձի վերանայում

Փետրվար 07,2018 14:30

«Հայկական ատոմային էլեկտրակայանի ինժեներատեխնիկական անձնակազմին հուզող հարցերը ուղղակիորեն կապված են ատոմակայանի անվտանգության հետ, իսկ ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգությունը մշտապես դասվում է մեր պետության գերակա խնդիրների շարքին». սա հատված է «Առավոտ» օրաթերթին ուղղված Հայկական ատոմակայանի մի խումբ աշխատակիցների նամակից:

Նրանք կառավարության եւ ՀԱԷԿ-ի տնօրինության առջեւ իրենց անհանգստացնող մի շարք խնդիրներ են բարձրացնում: Մեր թերթին ուղղված նամակը հրապարակում ենք ամբողջությամբ:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջուկային օբյեկտներում անվտանգության կարեւորագույն երաշխիքներից են հանդիսանում բարձր որակավորում ունեցող անձնակազմը եւ նրա առողջ սոցիալ-հոգեբանական վիճակը։ Հակառակ այս պնդմանը՝ վերջին երեք տարիներին անձնակազմի սոցիալական մակարդակի պահպանման եւ բարելավման ուղղությամբ միջոցառումներ բացարձակապես չեն իրականացվել, ինչի արդյունքում տեղի է ունենում բարձր որակավորում ունեցող անձնակազմի զգալի արտահոսք։ Մասնագետների շարունակական փոփոխությունը դժվարացնում է նրանց առջեւ կանգնած ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման գերխնդիրը բարձր մակարդակով եւ անվտանգ իրականացնելը։

ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական անձնակազմը պահանջում է աշխատավարձի էական վերանայում։ Նրանք վստահ են, որ այդ հարցի լուծումը մեծ ֆինանսական ներդրումների կարիք չի ունենա եւ մեծ բեռ չի լինի ՀԱԷԿ-ի բյուջեի վրա։

Հատուկ տագնապ է առաջացնում գնումների եւ ծառայությունների գծով որոշ պաշտոնյաների անորակ եւ անպատասխանատու աշխատանքը։ Շատ պայմանագրեր, որոնք ուղղակիորեն կապված են խիստ անհրաժեշտ պահեստամասերի եւ ծառայությունների ձեռք բերման հետ, նրանց սեփական քմահաճույքով ուշացվում են կամ նույնիսկ չեն իրականացվում։ Պահեստամասերի բացակայության կամ դրանց ցածր որակի պատճառով նվազում է կայանի անվտանգ եւ անխափան գործունեության հնարավորությունը, ինչը բերում է նաեւ խոշոր տնտեսական կորուստների։
Աշխատակիցները պահանջում են, որ մեծ ուշադրություն դարձվի նաեւ յուրաքանչյուր նախարարի հետ փոփոխվող պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմին։ Նրանց բնական բողոքն է, որ տվյալ կադրերը կայանի հիմնախնդիրները լուծելու փոխարեն՝ կայանում զբաղեցրած պաշտոնը օգտագործում են սեփական «շրջապատի» բարեկեցության աստիճանը բարձրացնելու նպատակով։

ՀԱԷԿ-ի երկար տարիների անվտանգ շահագործման փորձը պահպանելու եւ առաջիկա ինը տարիների համար անվտանգ շահագործման հիմնաքարն ապահովելու համար անհրաժեշտ է ականջալուր լինել աշխատակիցների խնդիրներին եւ անհապաղ տալ համապատասխան լուծումներ։

Անձնակազմն իր կողմից պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված առաջադրանքները բարձր պրոֆեսիոնալիզմով եւ բարեխղճությամբ»։

«Առավոտ»

06.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728