Կալանավորների ծեծի գործը հասավ Վճռաբեկ դատարան
2016 թվականի հունիսի 23-ին փաստաբաններ Արա Ղարագյոզյանը եւ Ռոբերտ Ռեւազյանը հաղորդում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ հունիսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամների կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ժամանակ թիվ 00 խցի կալանավորներ Արթուր Հովհաննիսյանը, Արմեն Մկրդումյանը եւ Մուշեղ Մխիթարյանը հայտնել են, որ 2016 թվականի հունիսի 12-ին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրենց եւ նույն խցի կալանավորներ Տիգրան Եգանյանին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
2016 թվականի հունիսի 29-ին դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Գ. Ս.Հովակիմյանի որոշումներով Արթուր Հովհաննիսյանը, Արմեն Մկրդումյանը, Մուշեղ Մխիթարյանը եւ Տիգրան Ենոքյանը ճանաչվել են տուժող:
«Առավոտի» հետ զրույցի ժամանակ փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը երեկ ասաց, որ նախաքննության ընթացքում կալանավորները ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության: Համաձայն փորձագետի թիվ 2271/հ եզրակացության՝ Արթուր Հովհաննիսանի ձախ նախաբազկի, բազկի եւ ձախ ազդրի շրջանների քերծվածքները, արյունազեղումները եւ այտուցները, ինչպես նաեւ՝ 4-րդ նախադաստակային ոսկրի կոտրվածքը կարող էին հասցվել բութ, կոշտ առարկաներով: Քերծվածքները, արյունազեղումները եւ այտուցներն առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում, իսկ 4-րդ նախադաստակային ոսկրի կոտրվածքն առաջացրել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Մուշեղ Մխիթարյանի նաեւ կրծքավանդակի, գոտկային եւ ձախ հոնքի դրսային անկյան հատվածներում առկա վնասվածքները, որոնք պատճառվել են բութ, կոշտ, սահմանափակ մակերես ունեցող առարկաներով (հնարավոր է՝ ձեռքերով, ոտքով եւ ռետինե մահակով), առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում: Արմեն Մկրդումյանի նախաբազուկների շրջաններում փորձագիտական եզրակացության համաձայն հայտնաբերվել են տարբեր վաղեմություն ունեցող բազմաթիվ ճանկռվածքներ, քերծվածքներ, որոնք կարող էին հասցվել սուր եզրեր ունեցող առարկաներով, ինչպես իր, այնպես էլ այլ անձի կողմից, եւ դրանք կարող էին առաջացնել առավելագույնը՝ առողջության կարճատեւ քայքայումով առողջության թեթեւ վնաս:
Իսկ մեկ այլ փորձագիտական եզրակացության համաձայն էլ, կալանավոր Տիգրան Եգանյանի մոտ, «ինչպես ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների, այնպես էլ օբյեկտիվ ուսումնասիրությամբ, դեպքի ժամկետին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»: Վերջինիս հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Գ. Ս.Հովակիմյանը հայտնել էր, թե՝ «անադեկվատ վարքագիծ ցուցաբերելու պատճառով հնարավոր չի եղել քննչական գործողություններ իրականացնել Տիգրան Եգանյանի հետ», սակայն պարզվել է, որ նրա մոտ առկա է իրավիճակով պայմանավորված հոգեկան գործունեության ժամանակավոր սթրեսային խանգարում, որը նրան զրկում է փաստական հանգամանքները ճիշտ ընկալելու, կատարված դեպքի մանրամասները մտապահելու, վերարտադրելու եւ ըմբռնելու հնարավորությունից:
Փաստաբաններ Ռոբերտ Ռեւազյանն ու Արա Ղարագյոզյանը, որոնք բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, այս կապակցությամբ իրենց բողոքում նշել էին. «Վարույթն իրականացնող մարմինը մի կողմից արձանագրելով, որ Տիգրան Եգանյանի մոտ առկա է իրավիճակով պայմանավորված հոգեկան գործունեության ժամանակավոր սթրեսային խանգարում, մյուս կողմից՝ դատահոգեբանական (դատահոգեբուժական) փորձաքննություն չի նշանակել, որով փաստորեն չի կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթների պահանջները, բավարարվել է վերը նշված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով, չի նշանակել դատահոգեբանական (դատահոգեբուժական) փորձաքննություն, որով հնարավոր կլիներ պարզել, թե արդյոք Տիգրան Եգանյանի մոտ առկա հոգեկան գործունեության ժամանակավոր սթրեսային խանգարումով պայմանավորված իրավիճակը վերոնշյալ դեպքերի՞ հետեւանք է, թե՞ ոչ»: Ի դեպ, 2016 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Գ. Ս.Հովակիմյանը որոշում է կայացրել նշյալ քրեական գործով քրեական հետապնդում չիրակացնելու եւ գործով վարույթը կարճելու մասին: Այն բողոքարկվել է, դեկտեմբերի 26-ին հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին: 2017թ. հունվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
Արա Ղարագյոզյանն «Առավոտին» երեկ հայտնեց, որ 2017թ. փետրվարի 13-ին բողոք են ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության որոշումների դեմ:
Նշենք, որ 2017թ. հուլիսի 11-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
Կալանավորների ծեծի հետ կապված անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանն էլ որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին:
Այս գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Հովհաննես Ավագիմյանը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը՝ հունիսի 12-ին, ժամը 09:30-ի սահմաններում, հերթափոխն Անդրանիկ Հակոբյանի հետ Սիրակ Մարտիրոսյանից եւ Ազատ Հովհաննիսյանից ընդունելու ժամանակ, երբ գտնվել են թիվ 02 խցի մոտ, թիվ 00 խցի կալանավոր Մուշեղ Մխիթարյանը ձայն տալով պահանջել է բուժակ կանչել եւ քանի որ մինչ այդ արդեն իրենք եղել են թիվ 00 խցում եւ այնտեղ որեւէ արտառոց հանգամանք, այդ թվում որեւէ կալանավորի առողջական վիճակի վատացման փաստ առկա չի եղել, ու որեւէ մեկը անհապաղ բուժօգնության կարիք չի ունեցել, այդ իսկ պատճառով Մուշեղ Մխիթարյանից պահանջել է մի փոքր սպասել, եւ հայտնել է, որ մի քանի րոպեից կվերջացնի հերթափոխի ընդունումը եւ կկանչի բուժակին:
Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ, վարույթն իրականացնող մարմինը այդ հանգամանքին որեւէ իրավական նշանակություն չի տվել, չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար. «Վարույթն իրականացնող մարմնի կողմից հստակ պատասխան չի տրվել նաեւ այն հարցին, թե արդյո՞ք սույն գործով տեղի ունեցած դեպքի ժամանակ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրել են իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ»:
ՀՀ գլխավոր դատախազությունն ուժի կիրառման հետ կապված արձանագրել էր. «Անհիմն է նաեւ բողոքաբերի այն պնդումը, ըստ որի` հստակ պատասխան չի տրվել այն հարցին, թե ուժի գործադրումն արդյոք եղե՞լ է համաչափ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման մեջ ուղղակիորեն վկայակոչվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված կարգով տուժողների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոց` ռետինե մահակ, ինչի գործադրումն այն դեպքերում, երբ դա կատարվում է քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտումների, քրեակատարողական ծառայողների եւ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքերում, համաձայն վկայակոչված օրենքի` իրավաչափ է, նույնիսկ այն դեպքերում, երբ անձին պատճառվում է մարմնական վնասվածք»: Բողոքաբեր փաստաբանները պահանջում են վերացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի եւ ՀՀ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումները եւ կայացնել նոր դատական ակտ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
06.02.2018