Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսող» դերասանուհիներից լավագույնն է ճանաչվել «համրը»

Փետրվար 07,2018 13:30

Նաիրա Եդիգարյանը բեմում այլ ինքնություն է ձեռք բերում

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ 2017թ. վերջերին Տյումենում 9-րդ անգամ անցկացվող դրամատիկական թատրոնների «Կենդանի դեմքեր» միջազգային փառատոնում հրավիրված միակ մնջախաղի՝ Երեւանի պետական թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյան) «Խաղը» ներկայացումը արժանացել է ժյուրիի համակրանքին: Ավելին՝ դադասյանական այս բեմադրության մեջ, որը, եթե չենք սխալվում՝ մոտ 20 տարի թատրոնի խաղացանկում է, Թագուհու կերպարը մարմնավորող դերասանուհի Նաիրա Եդիգարյանն էլ ճանաչվել է «Լավագույն կին դերասանուհի»:

Թատերական աշխարհում հենց նա է շրջանառվող խոսակցությունների առանցքում, թե մասնակից 9 թատրոնների «խոսող» դերասանուհիներից լավագույնն է ճանաչվել «համրը»: Մինչդեռ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ Հին Հունաստանում սկիզբ առած մնջախաղի արվեստը 20-րդ դարի սկզբին թափանցեց դրամատիկական թատրոն Եվգենի Վախթանգովի, Մաքս Ռայնհարդի, Վսեվոլոդ Մեյերհոլդի եւ մյուս անվանի ռեժիսորների շնորհիվ: Մյուս կողմից՝ նման փաստը կարելի է ողջունել, քանի որ Հայաստանում 1970-ականների կեսերից ձեւավորված մնջախաղային արվեստն այսօր էլ վստահելի ձեռքերում է:


«Առավոտը» զրույցի հրավիրեց Նաիրա Եդիգարյանին, որը հաստատեց այն լուրը, թե ժյուրին՝ նախագահությամբ անվանի թատերական քննադատ Պավել Ռուդնեւի, հիացմունքով է արտահայտվել Երեւանի թատրոնի ներկայացման մասին: Մեր զրուցակիցը շեշտեց, որ «Խաղի» ոչ միայն բեմադրության, այլեւ սցենարի հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ասաց, որ երաժշտությունն էլ ճանաչված «Night Ark» ջազ քառյակինն է, որի երաժիշտներն են Արտո Թունչբոյաջյանը, Արմեն Դոնելյանը, Արա Դինգջյանը, Մարկ Ջոնսոնը: «Այս բեմադրության մեջ իրենց արվեստով փայլեցին գործընկերներս՝ Մանվել Սարգսյանը (Թագավոր), Լուիզա Մելքոնյանը (Սիրամարգ), Արթուր Կարապետյանը (Խեղկատակ) եւ Մարգարիտ Առաքելյանը (Պարուհի)»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե «Խաղը» մի եռանկյունի է՝ սիրո, խանդի ու դավաճանության: Կարճ ասած՝ միստիկ պատմություն…

Տեսարաններ «Խաղ»-ից:

Իսկ ինչո՞ւ հենց իրեն բաժին հասավ «Լավագույն կին դերասանուհի» հատուկ մրցանակը: Ի պատասխան՝ Նաիրա Եդիգարյանն ասաց. «Մնջախաղի արվեստը մշտապես նոր արտահայտչամիջոցներ է թելադրում, միեւնույն ժամանակ չդադարելով զարմացնել: Եթե, օրինակ, տարիներ առաջ մնջախաղը ինձ համար միայն փիլիսոփայություն էր, ապա այսօր շուրջ 15 տարիների իմ փորձից կարող եմ ասել հետեւյալը. մնջախաղի երեւակայական աշխարհը ինձ ավելի է գերում, քան իրականը ու հաճախ էլ այդ երկու աշխարհները խառնվում են իմ մեջ… Իմ դեպքում երեւակայական աշխարհս ավելի հաճույք է պատճառում: Հետեւաբար բեմում ձեւավորվում է մի նոր զգայական համակարգ, այլ կերպ ասած՝ դու մի այլ տեսակի մարդ ես դառնում, գտնում ես նոր ինքնություն…»:


Իսկ այդ ամենը իրեն չի՞ խանգարում թատրոնից դուրս, կյանքում: Այս հարցին էլ դերասանուհին պատասխանեց. «Կյանքում մշտապես փնտրտուքի մեջ եմ: Եթե հարցնեք՝ կոնկրետ ի՞նչ եմ փնտրում, պատասխան չունեմ: Թող տարօրինակ չհնչի՝ հնարավոր է, որ կյանքում, ասենք՝ գեղեցիկը չնկատեմ, ինչը բացառվում է բեմում…»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենց թատրոնի ստուդիայում երկու տարի ձգվող ուսուցումը Ժիրայր Դադասյանն այս անգամ վստահել է դերասանուհի Շուշան Սարգսյանին եւ իրեն: Ասաց նաեւ, թե մտադիր են իրականացնել Թումանյանի «Քաջ Նազարը»: Մենք էլ հավելենք, որ դա կլինի առաջին մանկական մնջախաղային ներկայացումը:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

06.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728